Այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել. Գնել Սանոսյան

Այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գնել Սանոսյանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։

Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրների։

Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում։

Չի եղել աշխատանքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։ Անձամբ հետևել եմ համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացներին՝ լինի դա ենթակայան, ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզի շինարարություն և այլն։
Այս շարքը կարելի է շատ երկար թվարկել։

Կառավարության ջանքերով, համատեղ ու թիմային աշխատանքի արդյունքում պատվով հաղթահարել և լուծել ենք առաջ եկած խնդիրները։ Վստահաբար շատ խնդիրներ դեռ լուծում են պահանջում, դեռ շատ անելիքներ կան թեկուզ միայն վերը թվարկված մարտահրավերների ուղղությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին և իմ մեծ թիմին՝ ՏԿԵՆ աշխատակազմին, առանց որոնց անհնար էր այս մեծ ծավալի աշխատանքն իրականություն դարձնել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։

Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։
Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»,- գրել է նա:

Սանոսյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին էր նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031