Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2024թ. բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորման («2024թ․ պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն պակասուրդը կազմում է 482.9 մլրդ դրամ) նպատակով բյուջեով նախատեսվել է շուրջ 450 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի ներգրավում:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի (այուհետ՝ ԱԶԲ) միջոցներից շուրջ 89 մլն 469 հազար եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավման սույն գործընթացը։