Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ նշելով, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից։

Բայրամովն ընդգծել է դեմ առ դեմ շփումների կարևորությունն ու պայմանագրի շուրջ աշխատանքների շարունակականությունը։

«Դեմ առ դեմ շփումը կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի շուրջ: Այդ պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ հերթական դեմ առ դեմ հանդիպումն անցկացնել։ Դեկտեմբեր, թե հունվար, այլ հարց է, հստակ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի շուրջ աշխատանքները ևս շարունակվում են», — լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Երևանը նոյեմբերի 5-ին ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։

11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Բաքվից էլ նշել են, որ դրանցից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։

Հայաստանի իշխանությունից վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի քան երկու տարվա քննարկումներից հետո պայմանագիր կնքելու հնարավորություն են տեսնում:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը, հիմա Բաքվի օրակարգի հիմնական թեման մինչև նոյեմբերի 24-ն ընթացող COP-29-ն է։

Հաջիևի հայտարարությունից մեկ օր առաջ էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչ այս տարեվերջ կախված է Հայաստանից՝ նշելով պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031