Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ նույն սկզբունքներ են։ Այսինքն՝ ինքնիշխանությունը և իրավազորությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ Կազանում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել են որոշակի դետալներ, որից ենթադրվում է, որ կարող են լինել փոխընդունելի լուծումներ։
«Երբ արձագանքը ստանանք, հնարավոր է, դրանք ավելի նյութական դառնան»,- հավելեց նա։
Պատասխանելով հարցին՝ արդյոք ապաշրջափակման հարցը ներառված է խաղաղության պայմանագրի նախագծում, Խանդանյանը ասաց, որ ապաշրջափակման հատվածը խաղաղության պայմանագրից առանձնացվել է։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կրկին վերահաստատեց այն, որ Հայաստանի համար անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման հարցով իր առաջարկները, որոնք կարող են երկու կողմի համար էլ ընդունելի լինել։