ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Վահան Քերոբյան

Այն ճանապարհը, որ ընտրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, հանգեցնելու է կառավարության ծրագրի տապալմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով 2025 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին։

Նա հիշեցրել է, որ այդ մասին ԱԺ պատգամավորներին զգուշացրել էր դեռ 2023 թ.-ին` չիմանալով, որ իր խոսքը ուղիղ եթերում հեռարձակվում է։

«ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համակարգը (ՄԺԾ, համակարգ, որը ներդրվել է 2003 թ–ին և ամրագրվել օրենքով՝ որպես բյուջետային գործընթացի անբաժանելի մաս,–խմբ.) մեր խոստումների կեսը ջրել է։ Ասել է` այսքան բանը ձեր ծրագրերից չպետք է անեք, քանի որ փողը դրած չի (բյուջեով հատկացված չէ,–խմբ.)։ Նույնիսկ այն, ինչ պլանավորվում է, դրա կեսն անգամ չի արվում»,–2023–ի օգոստոսին կայացած քննարկման ժամանակ պատգամավորներին «թաքուն» ասել էր Քերոբյանը։

Այսօր արդեն էկոնոմիկայի նախկին նախարարի համար պարզ է, որ կառավարության ծրագրով սահմանված բազմաթիվ բարեփոխումներ, խոշոր ծրագրեր չեն իրականանալու անգամ 2025 թվականին։

«Ֆինանսավորման և բյուջետավորման այն մոդելը, որ որդեգրվել է ֆինանսների նախարարության կողմից, հույս չի տալիս, որ մենք կհասնենք ինչ–որ նորմալ արդյունքների իրականացման»,– ասաց Քերոբյանը։

ՀՀ նախկին էկոնոմիկայի նախկին նախարարն այն կարծիքին է, որ 2025 թվականի պետական բյուջեով կառավարությունն ընդամենը փորձում է փրկել իր շատ հայտնի ծրագրերից մեկը` 300 դպրոցի ծրագիրը։

«Ես խիստ կասկածում եմ, որ դա կհաջողվի։ Բազմաթիվ այլ խոշոր ծրագրեր ևս էլի տեղի չեն ունենալու»,– ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարը։

Նա հրաժարվեց այս թեմայով այլ հարցերի պատասխանել` ասելով, թե արդեն մասնավոր գործով է զբաղվում։

Հավելենք, որ 2025թ–ին նախատեսվում է պետական բյուջե մուտքագրել 2 տրլն 873 մլրդ դրամ։ Նախատեսվում է ծախսել 3 տրլն 482 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով կհատկացվի 2 տրլն 749 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով` 733 մլրդ դրամ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930