Հոկտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 49 հասցեում մի խումբ հնդիկ քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի հետևանքով մեկ անձ դանակահարվել է, իսկ մյուս անձն էլ ունի քերծվածքներ:
Րոպեներ անց Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ նշված հասցեից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության 04 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Հարինդեր Սինգհ Հարինդեր Սինգհին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ նշված հասցեից վիճաբանության հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 26-ամյա Սինգ Սուքվիր Ջագսինգը՝ «ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ և 27-ամյա Սինգ Գուներ Կաղմիռը՝ «աջ դաստակի առաջին երկրորդ միջմատային տարածքի կտրած վերք, ափի կտրած վերք» ախտորոշմամբ:
Նշված հասցե է մեկնել է ոստիկանության խումբը:
Տեղում պարզվել է, որ նույն օրը նշված հասցեում Հ. Սինգհը վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոմն Շուքվիրի հետ, ով վիճաբանության ընթացքում կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Հ. Սինգհին՝ պատճառելով նշված վնասվածքը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն Շուքվիրը հանդիսանում է Հնկաստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Շուքվիր Սինգհը, ով նույն օրը ժամը 04։15-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնի մոտից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս. Ջանգսինգին մարմնական վնասվածք պատճառել է նաև 28-ամյա Գովիդ Ստնամ Սինգ Կումարը, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված Գովիդ Ստնամ Սինգ Կումարի և Շ.Սինգհի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։