Հայաստանում քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, իսկ դրա համար անհրաժեշտ է լուրջ աշխատանք․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: Պաշտպանը նոյեմբերի 13-ին Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։

Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

Քննարկվել են սոցիալական, կրթական, անվտանգային, բռնի տեղահանված անձանց, ազատությունից զրկված անձանց, կանանց, երեխաների իրավունքների, բուլինգի, ընտանեկան բռնության, ոստիկանության բարեփոխման կարևորության վերաբերյալ և մի շարք այլ հարցեր:

ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները և մտահոգությունները։ Ի թիվս այլնի, բարձրաձայնել են խնդիրներ և մտահոգություններ` կապված հանրային ծառայությունների, բժշկական հաստատությունների հասանելիության, մասնագիտական էթիկայի կանոնները պահպանելու հետ:

Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը:

«Որպես Պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից լսել մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Պաշտպանը՝ ողջունելով քննարկման մասնակիցներին:

Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք:

Հատուկ անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին:

Պաշտպանն ընդգծել է, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչընդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են տարատեսակ զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին:

Պաշտպանն ընդգծել է իր հանձնառությունը՝ բարձրաձայնված խնդիրները հասցեագրելու և համագործակցության արդյունքում դրանց լուծումները գտնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031