Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը դեկտեմբերի 5-ից կհայտնվի հայաստանյան կինովարձույթում

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ» կինոընկերությունն է։

Նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։

Ազնավուրը պարզապես լեգենդ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի եզակի ձայնն է, ձայն, որը նվաճել է միլիոնավոր մարդկանց հոգիներն ու սրտերը ամբողջ աշխարհում: Այս ֆիլմը հզոր մոտիվացիա է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են հասնել սեփական նպատակներին՝ անկախ խոչընդոտներից և դժվարություններից: Այս ֆիլմը ոգեշնչում է և հիշեցնում, որ մեծ ձեռքբերումները սկսվում են փոքր քայլերից:

Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, ով հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։

«Մեզ համար առանձնահատուկ հուզիչ է, որ Ազնավուրը եղել է այս նախագծի կնքահայրը և մեզ խորհուրդներ էր տալիս։ Ե՛վ նրան, և՛ մեզ հետաքրքրում էր նույնը՝ պատմել իր անցած ճանապարհի, պայքարի, Էդիթ Պիաֆի հետ համագործակցության մասին։ Շառլը շատ էր սիրում մեր «Հիվանդները» ֆիլմը: Նա միշտ փորձում էր հնարավորություն տալ երիտասարդներին։ Այնպես ստացվեց, որ նա մահացավ այն օրը, երբ մենք պատրաստվում էինք սկսել «Մսյո Ազնավուր» ֆիլմի նկարահանումները։ Մենք ամեն ինչ կարդացել ենք՝ նրա երկու ինքնակենսագրականները, հրապարակախոսությունները, լսել բոլոր 1200 երգերը, դիտել բոլոր վավերագրական ֆիլմերը, բոլոր հարցազրույցները: Մենք նաև բախտ ենք ունեցել օգտվելու իր արխիվներից և շփվելու նրա հարազատների և աշխատակիցների հետ, որոնց հետ մենք շատ վստահելի հարաբերություններ ստեղծեցինք»,- ֆիլմի մասին նշում են ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։

«Ես մի անգամ եղել եմ նրա համերգներից մեկին։ Նա բառացիորեն ապշեցրեց ինձ բեմում։ Չնայած իր տարիքին (ավելի քան իննսուն տարեկան էր), նրա էներգիան պարզապես ավելանում էր ամբողջ համերգի ժամանակ. դա անհավանական էր: Նա իր անկեղծությամբ զարմացնում էր հանդիսատեսին, և իրենց հետ բարեկամական հարաբերություններ էր հաստատում։

Շառլն ինքնուրույն է կերտել իր ուղին, հաճախ ստիպված լինելով գնալ զոհաբերությունների: Բոլոր բարդությունները նրան դարձրեցին համառ և ստիպեցին ձգտել հաջողությունների»,-նշում է դերասան Թահիր Ռահիմը։

Առաջին քայլերից դեպի համաշխարհային հռչակ՝ լեգենդար Շառլ Ազնավուրի ուղին. սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է մի մարդ կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողել երաժշտության աշխարհում: Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լևոնյանը։ Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։

Ֆիլմը վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031