«Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», — իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։
Թրամփը միևնույն ժամանակ քննադատել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:
Հարիսն ավելի վաղ, Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում, ասել էր, որ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։
Հարիսը նաև նշել է, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: