«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները պարզաբանել են, թե ինչու են մերժել «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթում ընտրված Իրինա Զախարովայի մասնակցությունը:

«Միսս Տիեզերք» կազմակերպությունը խոր նվիրվածություն է պահպանում այնպիսի արժեքների նկատմամբ, ինչպիսիք են ազնվությունը, թափանցիկությունը և արդարությունը: Որպես մշակութային բազմազանության և կանանց հնարավորությունների ընդլայնման մրցույթի կազմակերպիչներ՝ մենք առաջնորդվում ենք սկզբունքներով, որոնք երաշխավորում են, որ մեր ներկայացուցիչներն արժանահավատորեն արտացոլեն իրենց երկրի մշակույթը, ոգին և արժեքները:

Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ցավով պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան չի համապատասխանում «Միսս Տիեզերք» նախնական մրցույթի լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով սահմանված պահանջներին: Այս իրավիճակը նաև խախտում է մեր Ազգային տնօրենների գործառնական ձեռնարկը, որը պահանջում է, որ տիտղոսակիրն ունենա այն երկրի վավերական անձնագիրը, որը նա ներկայացնում է:

Մեր Տնօրենների ձեռնարկի 3-րդ բաժնում նշվում է, որ «Հաղթողը պետք է ունենա վավերական անձնագիր՝ տրված այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է»: Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը չի ծնվել Հայաստանում, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին:

Սակայն, համաձայն ներառականության և արդարության մեր արժեքների՝ կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին: Այս որոշումը վերահաստատում է մեր հանձնառությունն արդար և իրավահավասար գործընթացին, որը հարգում է մրցույթի նորմերն ու էթիկական չափանիշները:

Կոչ ենք անում Հայաստանի մեր գործընկերներին հնարավորինս շուտ ընտրել նոր տիտղոսակրի՝ հաշվի առնելով, որ եզրափակիչ մրցույթը տեղի կունենա մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում: Վստահ ենք, որ այս քայլերը կօգնեն պահպանել «Միսս Տիեզերք» մրցույթի ամբողջականությունն ու հեղինակությունը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր հետևորդներին և երկրպագուներին՝ ըմբռնման ու շարունակական աջակցության համար, մինչ միասին աշխատում ենք պաշտպանելու այն սկզբունքները, որոնք մեզ բոլորիս միավորում են այս գլոբալ հարթակում»,- գրված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի պատվիրակ Իրինա Զախարովան հրաժարվել էր մասնակցությունից:

Այս մասին հայտնել էին «Միսս Տիեզերք Հայաստան»-ից՝ նշելով, որ միջազգային մրցույթին մասնակցությունից Իրինա Զախարովան հետ է կանգնել «ընտանեկան հանգամանքների պատճառով»։

Ազգությամբ ռուս Իրինա Զախարովայի մասնակցությունը Հայաստանում քննադատության ալիք էր բարձրացրել․ նրան մեղադրում էին միջազգային մրցույթի մասնակցության իրավունքը հայ աղջիկներից խլելու համար։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը զրուցել էր «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանի հետ: Վերջինս ասել էր՝ 2023 թվականին որոշել է դադարեցնել մրցույթի կազմակերպման մասնակցությունը, քանի որ այն շատ եռանդ ու ժամանակ է խլում: Բացի դա՝ դադարեցնելու պատճառներից մեկը եղել է այն, որ մրցույթի կազմակերպման նոր ընկերության ղեկավարը տրանսգենդեր է:

Հարությունյանի խոսքով՝ հայ գեղեցկուհիները նամակներով դիմելու էին համապատասխան կառույցներին։

«Չեմ կարծում, որ սա այնպիսի հարց է, որի շուրջ պետք է լռել»,- ասել էր նա:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

- Այս թեմայով -