«Վրացական երազանք»-ի 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը։

Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է պատգամավորների ստորագրությունների վավերականությունը։

«Վրացական երազանք»-ը Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի «Ա» ենթակետը խախտելու համար, ըստ որի՝ երկրի նախագահն արտաքին հարաբերություններում իր ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է երկրի կառավարության համաձայնությամբ։

«Վրացական երազանք»-ի մեծամասնությունը փորձում է երկրորդ անգամ իմպիչմենտի միջոցով պարտադրել Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը:

Գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Վրաստանի խորհրդարանի 100 պատգամավորի աջակցությունը։

Դեռ հոկտեմբերի 16-ին էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի մոտալուտ հրաժարականի մասին՝ իմպիչմենտի միջոցով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը, որին միացել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930