Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է. Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին

Լիբանանում ռազմական գործողությունները տեղի են ունենում երկրի հարավային հատվածներում և Բեյրութի արվարձաններում, որտեղից տասնյակ հազարավոր ներքին փախստականներ տեղափոխվում են դեպի երկրի համեմատաբար ապահով շրջաններ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակին:

«Անվտանգության իրավիճակին առընթեր կանխատեսելի է նաև հումանիտար ճգնաժամը, որովհետև հավաքական կեցավայրեր, բուժօգնություն, դեղորայք ու սնունդ է անհրաժեշտ»,-մանրամասնել է Գանտահարյանը:

Անդրադառնալով հայ համայնքին՝ նա նշել է, որ հայկական թաղամասերն ու ազգային հաստատությունները ռազմական գործողությունների վայրերից հեռու են գտնվում, սակայն չի բացառվում, որ փախստականների ալիքը հասնի նաև հայաբնակ շրջաններ:

«Իրավիճակը քննարկելու և տարբեր սցենարների նախապատրաստվելու համար հայկական քաղաքական կուսակցությունները նիստեր են գումարել: Հայ բարեսիրական միությունների ներկայացուցիչները քննարկել են փախստականների կենցաղային, դեղորայքի, սննդի խնդիրները լուծելու հարցերը՝ հայաբնակ շրջաններ հասնելու դեպքում»,- ասել է նա:

Գանտահարյանի բնորոշմամբ՝ Լիբանանում բավականին ծանր, անորոշ ու սպասողական իրավիճակ է:

«Իսրայելը խնդիր է դրել վերականգնել իր հյուսիսային հատվածի խաղաղությունն ու անվտանգությունն, ինչը ենթադրում է վերադարձնել հյուսիսային Իսրայելից տեղահանված ժողովրդին: Դրա համար նախապայման են համարում հարավային Լիբանանում բուֆերային, անվտանգության գոտու ձևավորումը»,-ասել է միջազգայնագետը՝ հավելելով, որ բացի հարավային Լիբանանից և Բեյրութի արվարձաններից, թիրախավորվել են այլ շրջաններ ևս, այդ թվում՝ քրիստոնյաներով բնակեցված այն հատվածները, որտեղ շիա գյուղեր կան և «Հեզբոլլահ»-ը կենտրոնատեղի ունի: Ըստ Գանտահարյանի՝ հիմնական թիրախներ են հանդիսանում «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներն ու պատասխանատուները:

Նրա դիտարկմամբ՝ չնայած միջազգային հանրության կողմից սկսել են կոչեր հնչել լայնամասշտաբ, տարածաշրջանային պատերազմի չգնալու և հրադադարի հաստատման վերաբերյալ, սակայն նման միտում դեռևս տեսանելի չէ:

«Իսրայելը շրջեց իրավիճակն այն առումով, որ եթե Գազայում հրադադար լիներ, ապա, բնականաբար, հրադադար կլիներ նաև հարավային Լիբանանում, բայց Գազայի դեպքում կա ներիսրայելյան բողոքի հսկայական ալիք, մինչդեռ՝ լիբանանյան ուղղությամբ՝ «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմում, զգացվում են ժողովրդական աջակցության տրամադրություններ»,-պարզաբանել է Գանտահարյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031