Եվրոպական միության խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկած եվրահանձնակատարների ցուցակը։ Այս մասին սեպտեմբերի 19-ին, հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։
Որոշումն այժմ կուղարկվի Եվրախորհրդարանի հաստատմանը։
«Խորհուրդն ընդհանուր համաձայնությամբ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ, հաստատել է այն անձանց ցուցակը, որոնց առաջարկվում է նշանակվել Հանձնաժողովի անդամներ՝ մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, 25 եվրահանձնակատարների ցուցակում ընդգրկված է նաև Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը. նա կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը՝ փոխարինելով Ժոզեպ Բորելին։
Եվրահանձնաժողովի ղեկավարը սեպտեմբերի 17-ին ներկայացրել է գերատեսչության նոր կազմի ցուցակը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ իր գերատեսչության նոր կազմը պետք է ներառի 11 կին, ինչը համապատասխանում է 40% քվոտային։ Եվրահանձնաժողովի նոր կազմը աշխատանքը կսկսի նոյեմբերի 1-ից, եթե բոլոր թեկնածուներին հաստատի Եվրախորհրդարանը։