Գողության դեպք՝ Տավուշում․ Դիլիջանում հայտնի «Հոթել իքս» հյուրանոցից գողացել են մոտ 1 մլն դրամի հեռուստացույցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 63-ամյա Արամ Մ․-ն և հայտնել, որ գիշերը Սարալանջի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող «Հոթել իքս» հյուրանոցից դիմակավորված անձինք գողացել են հեռուստացույցներ և դրա վերաբերյալ առկա է տեսաձայնագրություն:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև փորձագետը։

Արդեն տեղում Արամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։50-ից մինչև ժամը 02։00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք, ովքեր երևում են տեղադրված տեսանկարահանող սարքերով, եվրոպատուհանը հրել-բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Սարալանջի փողոց 2-րդ նրբանցք 2/1 հասցեում գտնվող, ՌԴ քաղաքացի 74-ամյա Ռոբերտ Հ․-ին պատկանող իր տնօրինությանը հանձնված «Հոթել իքս» ՍՊԸ ցանկապատված տարածքի երկու հարակից քոթեջներ և այնտեղից գողացել 14 հատ տարբեր տեսակի հեռուստացույցներ: Ըստ Արամ Մ․-ի՝ պատճառված վնասի չափը կազմում է շուրջ 1 մլն դրամ:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Մ․-ն «Հոթել իքս» հյուրանոցի տնօրենն է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30