Որպես մի երկրի նախարար, որը երկար ժամանակ անցել է ու անցնում է ժողովրդավարական՝ երկար ժամանակ անհնարին թվացող վերափոխումների միջով, առկա մարտահրավերների թվում պետք է ընդգծեմ ժողովրդավարությանը սպառնացող վտանգները: Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ժողովրդավարության ընձեռած մեխանիզմներով ընդամենը 3 տարի առաջ մենք կարողացանք հաղթահարել այն խոր ճգնաժամը, որում հայտնվել էր մեր հասարակությունը և որի հետցնցումները մինչ այժմ էլ զգացվում են: Պետք է արձանագրենք, որ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմներն այսօր այլևս չեն կարողանում արդյունավետ հասցեագրել առկա մարտահրավերները: Ստեղծված իրավիճակի փոփոխության անհնարինության պայմաններում չենք կարող խուսափել իրավիճակի էլ ավելի վատթարացումից, որը չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ծանրագույններից մեկն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս պատկերի նկարագրումը նպատակ չունի հոռետեսական կամ ապոկալիպտիկ զգացողություններ գեներացնել: Եվ ուրեմն, եթե բոլորս գիտակցում ենք, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է և որ այս ընթացքը բոլորիս տանում է դեպի հերթական անդունդը, որտեղ չեն լինելու երկարաժամկետ շահողներ, ապա ո՞րը պետք է լինի քաղաքակիրթ մարդկության արձագանքը. միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը», — ասաց նա:
Միրզոյանը ներկայացրեց, թե որն է Հայաստանի մոտեցումը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ճանապարհին:
«Հայաստանի մոտեցումը հետևյալն է՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգմանն ու միմյանց հանդուրժելուն: Տարածաշրջանում տևական խաղաղության ձգտելիս՝ հենց այս դիրքորոշումն ենք մենք որդեգրել», — ասաց Միրզոյանը: