Ագրարային համալսարանի մի շարք ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներ կրթաթոշակ կստանան։
Այս մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստի ընթացքում։
Ըստ հիմնավորման՝ սա կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը՝ ապահովելով բարձրակարգ մասնագետների պատրաստման միջոցով ոլորտի տրանսֆորմացիային և սահուն զարգացմանն աջակցություն։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախագծի մասին զեկուցելիս նկատեց՝ այս առաջարկն արվում է, հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի մեծածավալ աշխատանքները։
ՀՀ վարչապետն էլ իր խոսքում կարևորեց, որ սա այն որոշումներից է, որը բխում է իրական կյանքից և այս որոշման անհրաժեշտությունը երևացել է տարբեր մարզերում ունեցած շփումների արդյունքում։
«Այս կրթաթոշակների արդյունքում մենք պետք է ստանանք մասնագետներ, բառիս բուն իմաստով։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ բյուջեի միջոցները ծախսել, արդյունքում ստանալ մի նոր խումբ, որն ասում է, որ բարձրագույն կրթության դիպլոմը, նույնիսկ երկու դիպլոմ ձեռքս չեմ կարողանում աշխատանք գտնել: Այս նախադասության մեջ ինչ-որ բան էն չի, որովհետև դեպքերի 90 տոկոսում չի կարող լինել այդպես: Ուրեմն կա պրոբլեմ: Իմ պատկերացմամբ, այն մարդը, որ չի կարողանում գտնել որևէ աշխատանք, թեկուզ ոչ իր մասնագիտությամբ… այսօր Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել:
Ընդ որում, մենք պետք է նայենք մեր ագրարային համալսարանի ծրագրերը, թե ինչքանով են դրանք համընկնում այսօրվա կարիքների տրամաբանության ու պահանջարկին: Հատկապես գյուղոլորտում այն գիտելիքը, որ կար 20 տարի առաջ, առնվազն զգալի մասով արդեն հնացած է, թանգարանային նմուշ է: Գյուղատնտեսությունը մեծ տեմպերով փոխվում է: Մենք պետք է այդ ուղերձը հղել, որ 15-20 տարի առաջ եղած գյուղատնտեսությունը հնացած է, իսկ 5 տարի հետո նա ընդհանրապես շանս չունի»,- ընդգծեց նա: