«Բարի օր այսօր և ամեն օր»․ բանաստեղծ, մանկագիր Յուրի Սահակյանի այս ուղերձի շուրջ էին այսօր իր բնակության հասցեում՝ Լենինգրադյան փողոցի 52 շենքի բակում, հավաքվել նրա մտերիմները, գրչակից ընկերները, հարազատները։ Առիթը միավորել էր բոլորին նշելու գրողի ծննդյան 87-ամյակը նրա անունը կրող և նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությամբ։ Յուրի Սահակյանի ստեղծագործական գործունեության, նրա բացառիկ անհատականության մասին խոսեցին մշակույթի գործիչները, Հայաստանի գրողների միության անդամները, ինչպես նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
«Յուրի Սահակյանն առանձնանում է իր արտակարգ մաքուր բանաստեղծական հյուսվածքով, զրնգուն հնչողությամբ, հայերենի գեղեցկությունը զգացող անհատականությամբ։ Նա է ինձ ներշնչել երաժշտական շունչ ներարկել իր ոգեղեն բանաստեղծություններին, և դրա մասին քչերը գիտեն։ Քչերը գիտեն նաև, թե որքան երգեր են ծնվել մեր համատեղ գործունեության արդյունքում»,- ասաց մեծանուն կոմպոզիտորը։
«Արցախից հյուրեր իր տանը Յուրի Սահակյանը շատ էր ունենում, և իմ մխիթարությունն այն է, որ նա չտեսավ Արցախից բռնագաղթվածներ, որոնք այժմ ապրում են մեր հարևանությամբ։ Ես հավատում եմ, որ Յուրի Սահակյան մեծ բանաստեղծի այսպիսի հուշակոթող պիտի կանգնեցվի Արցախում՝ իր ծննդավայրում»,- ասաց արձակագիր Գրիգոր Ջանիկյանը։
Հուշատախտակի հեղինակն է ճարտարապետ Արտակ Ղուլյանը, իսկ քանդակագործը՝ Արթուր Սարգսյանը։
Երևանի ավագանին 49 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց հայ բանաստեղծ, մանկագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Լենինգրադյան փողոցի 52 հասցեում փակցնելու վերաբերյալ նախագծին:
Նիստի ժամանակ նշվեց, որ միջնորդությունը ներկայացվել է նրա որդու՝ Հակոբ Սահակյանի կողմից: Հուշատախտակի հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է ընտանիքը:
Նշենք, որ Յուրի Սահակյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին։
Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, «Սովետական գրող» և «Արևիկ» հրատարակչություններում։
1999 թվականին «Այբբենարանի ուղեկից» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ոսկե եղեգն» պետական գրական առաջին կարգի մրցանակի։
2012 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար Յուրի Սահակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում։
2017 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ:
2018 թվականին շնորհվել է Արցախի Հանրապետության Մշակույթի և արվեստի վաստակավոր գործչի կոչում։
Մահացել է 2019 թ. նոյեմբերի 24-ին։
Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ. «Սովետական գրող» հրատարակչությունում։
Հայաստանի գրողների միության անդամ է 1968 թվականից։
Յուրի Սահակյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, շվեդերեն, իսպաներեն, սերբերեն, լիտվերեն, բուլղարերեն, աբխազերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր:
Մանրամասները՝ տեսանյութում։