Իշխանությունը շատ վտանգավոր ճանապարհի վրա է, որի գլխավոր հետևանքը կլինի մեր պետականության վերացումը. Զուրաբյան

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր հասարակությունում հասունացել է շատ մեծ համախմբման անհրաժեշտություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ես չեմ խոսում քաղաքական կոնսոլիդացիայի մասին, թեեւ դրա կարիքն էլ կա։ Ի դեպ, այստեղ կան մարդիկ, որոնց հետ մենք քննարկում ենք այդ կոնսոլիդացիայի հնարավորությունները։

Այսօր խոսքը լայն հասարակական կոնսոլիդացիայի մասին է, որովհետեւ մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ ՀՀ իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ սկսել են զանգվածային մի արշավանք, որն ուղղված է ոչ այնքան մեր եկեղեցու դեմ կամ ինչ-որ կոնկրետ մարդկանց դեմ, այլ ընդհանրապես դոմոկրատական ազատությունների դեմ մեր երկրում։ Սա ուղղված է մեր ընդհանրապես օրինականության սկզբունքի դեմ, որովհետև երբ վարչապետը իր գործողություններով հայտարարում է՝ օրենքը ես եմ, երբ նա մեկնաբանում է օրենքը իր ուզած ձևով, երբ նա օրինական սեփականատիրոջը մի կողմ է դնում՝ խախտելով նրա իրավունքները և ոստիկանության, պետական վարչական ռեսուրսներով կանգնում է այդ սեփականության իրավունքը խախտողի թիկունքում, երբ պետությունը կազմակերպում է մասնավոր և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների անձեռնմեխելիության սկզբունքի խախտումը, երբ ոտնարարվում են քաղաքացիական, ժողովրդավարական, սահմանադրական իրավունքները, սա արդեն դառնում է մեր բոլորի խնդիրը, ամբողջ հանրության խնդիրը»,–ասաց Զուրաբյանը։

Նա նկատեց, որ այս միջոցառումը իրենք չեն կազմակերպել վեհափառին կամ ինչ-որ հոգևորականների կամ եկեղեցուն պաշտպանելու նպատակով. «Մենք սա նախաձեռնել ենք մեր բոլորի իրավունքները, սահմանադրական մեր ազատությունները, քաղաքացիական մեր ազատությունները, ժողովրդավարական մեր ազատությունները և երկրի օրինականությունը պաշտպանելու նպատակով։ Եթե մենք սա չանենք, սա արդեն գալու է, հասնելու է բոլորիս, բոլորս ենք դառնալու թիրախում։

Այսօր թիրախում հայ առաքելական սուրբ եկեղեցին է, կամ Սամվել Կարապետյանը, բայց այս մոտեցումներով, պետության այս դեֆորմացիայով թիրախում հայտնվել ենք մենք բոլորս։

Հետևաբար, մենք կարծում ենք, որ անկախ նրանից, թե ինչ հայացքներ մենք ունենք, արևմտամետ ենք, թե ռուսամետ ենք, թե անկախական ենք, արդյո՞ք մենք համաձայնվում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, թե բացարձակապես չենք ընդունում այդ քաղաքականությունը, և օրինակ մենք համարում ենք Հայաստանի պետականությունը վերացնելու քաղաքականություն, որովհետև երկարաժամկետ հետևանքները դրա հենց դա են լինելու, բայց մի հարցում, ես կարծում եմ, համերաշխությունը մեր ապահովված պիտի լինի։ Դա այն է, որ երկրում պետք է գործի Սահմանադրությունը, օրինականությունը։ Երկրում պիտի գործեն անձեռնմխելի մարդու իրավունքները։ Այս հարցում, կարծում եմ, մենք բոլորս կարանք միավորվենք»,– հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը։

Նրա խոսքով, սա մի խնդիր է, որը ոչ թե միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին է վերաբերում, այլ վերաբերում է և քրիստոնյաներին, և աթեիստներին, և բուդդիստներին։

«Սա վերկուսակցական, վերկրոնական խնդիր է, որի շուրջ մենք բոլորս պետք է միավորվենք։ Եթե սա չանենք, եթե եթե իշխանությունը չտեսնի հանրության այս ընդվզումը և արգելափակող ռեակցիան, նրանք խորացնելու են սա։ Նրանք արդեն շատ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնում, որի գլխավոր հետևանքը լինելու է սկզբից օրինականության, իսկ հետո նաև մեր պետականության վերացումը»,– հայտարարեց Լևոն Զուրաբյանը։

Նա առաջարկեց քննարկել Գլխավոր դատախազությանն ուղղված տեքսը, ստորագրել այն և բոլորի անունից ներկայացնել դատախազություն։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930