Տեղի է ունեցել ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի և «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի համատեղ կազմակերպած Հայաստանում առաջին միջուկային բժշկությանը նվիրված գիտաժողովը, որի խորագիրն է` «Միջուկային բժշկության ժամանակակից միտումները և մարտահրավերները»:
Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել են մեծ հաջողություններ հիվանդությունների ախտորոշման ոլորտում. «Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում առողջապահական ոլորտի զարգացմանը և ջանք չի խնայում միջազգային չափանիշներին համապասատխանող որակյալ ծառայություններ մատուցելու համար: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը շատ կարևոր նշանակություն ունի և մենք մշտապես աջակցելու ենք կենտրոնի շարունակական զարգացմանը»։
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Արմինե Բադեյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշեց, որ ճիշտ և ժամանակին ախոտորոշումը մեծագույն դերակատարություն ունի հիվանդության հետագա բուժման տակտիկայի ընտրության գործընթացում:
«Այս համատեքսոտում կարծում եմ, որ ավելորդ է ներկայացնելու այն դերակատարությունը, որն ունի մեր կենտրոնը հայկական առողջապահական համակարգում: Շատերդ գիտեք, որ արդեն շուրջ 4 տարի շարունակ կենտրոնում կատարվում է ֆտորդեզօքսիգլյուկոզ ռադիոֆարմպրեպարատով PET/CT հետազոտությունը, որի շարքերը ավելի քան մեկ տարի է համալրել է PSMA PET/CT-ն, իսկ արդեն շատ մոտ ապագայում կսկսենք իրականացնել Հայաստանի համար իր տեսակով եզակի FET PET/CT»,-ասել է կենտրոնի տնօրենը`հաջողություն և արգասաբեր աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:
Գիտաժողովի օրակարգում ներառված էին շուրջ մեկ տասնյակ զեկույցներ, մասնակցում էին շուրջ 100 պատվիրակներ՝ ուռուցքաբաններ, ուրոլոգներ, բժիշկ-ռադիոլոգներ և այլ ոլորտային մասնագետներ:
Գիտաժողովի ներկայացված է ՇՄԶ հավաստագրման (մասնակիցներին կտրվի 6 տեսական կրեդիտ):
Գիտաժողովի գործընկերներն են Concern-Energomash-ը, Proton Diagnostics-ը, Prom-test Laboratories-ը և RARE Water Armenia-ն: