Իսրայելում ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի նստավայր, կան վիրավորներ և ձերբակալվածներ

Տասնյակ հազարավոր ցուցարարներ հունիսի 17-ի երեկոյան հավաքվել են Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի առջև՝ կոչ անելով արտահերթ ընտրություններ անցկացնել և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ համաձայնության հասնել Գազայում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of Israel-ը հաղորդում է, որ իրավապահների հետ բախումների ժամանակ 3 մարդ վիրավորվել է։

Ավելի ուշ ցուցարարներից շատերը շարժվել են դեպի Արևելյան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր։ Նրանցից մի քանիսը փորձել են անցնել իրավապահների կանգնեցրած ցանկապատների վրայով և ներխուժել Նեթանյահուի նստավայր։ Ոստիկանության հաղորդմամբ՝ առնվազն 9 մարդ ձերբակալվել է։ Ցուցարարների դեմ կիրառվել է ջրցան մեքենա։

Ցույցի կազմակերպիչները ոստիկանությանը մեղադրել են ավելորդ ուժ կիրառելու մեջ։ Բախումների ընթացքում վիրավորված 3 անձինք հոսպիտալացվել են։

Նեթանյահուն բազմիցս ասել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չպետք է անցկացվեն, քանի դեռ Գազայի հատվածում պատերազմ է ընթացքում։ Իսրայելում հաջորդ համընդհանուր ընտրությունները պետք է կայանան 2026 թ․ հոկտեմբերին։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Նրանց մի մասը վերադարձվել էր նոյեմբերին հաստատված մեկ շաբաթյա հրադադարի ընթացքում։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, զոհվել է ավելի քան 37 000 պաղեստինցի։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031