Քաղաքականացումը այլ կողմից է փորձ արվել անել․ նախարարը՝ Գյումրիի համերգին «ՏաԼույս» երգչախմբի չմասնակցելու մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Գյումրիում «Ազնավուր» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ կազմակերպված համերգին Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի չմասնակցելուն։

Նրա խոսքով՝ համերգին չներկայանալու որոշումը եղել է երգչախմբինը, և նրանք էլ կրում են իրենց որոշումների պատասխանատվությունը։

«Պետք է պարզ տրամաբանություն ունենալ․ նախարարությունը համերգի հատկացման համար նախատեսել է միջոցներ, համերգի կազմակերպողն էլ «Ազնավուր» հիմնադրամն է եղել, թե՛ նախարարությունը, թե՛ հիմնադրամը շահագրգիռ են, որ համերգը կայանար ամբողջ ծավալով ու նորմալ։ Պրոցեսի քաղաքականացումը այլ կողմից է փորձ արվել անել, ցավում եմ, որ երեխաներին այդ պրոցեսում դարձրին քաղաքական գործիք, դա անընդունելի է»,- ասաց նա։

Նախարարը շեշտեց, որ որևէ երգչախմբի չեն զրկել ելույթ ունենալու հնարավորությունից, այլ մասնակիցներից է որոշում եղել հրաժարվել ելույթ ունենալ։

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Գյումրիում «Ազնավուր» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ կազմակերպված համերգը կայացել էր առանց Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի մասնակցության։

Բանն այն է, որ, ԿԳՄՍՆ-ը, տեղեկանալով, որ իր համախոհների հետ հունիսի 1-ին Գյումրի ժամանող Վազգեն (Բագրատ) Գալստանյանը նպատակ ուներ այն քաղաքականացնել, համերգի ժամը փոխել էր՝ այդ մասին տեղեկացնելով երգչախմբի հարցերով զբաղվող պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանին։ Վերջինս Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Տավուշի թեմի երեխաները չեն մասնակցել համերգին, քանի որ ֆիզիկապես չեն կարողացել կազմակերպվել և նախատեսված ժամին ելույթ ունենալ՝ միաժամանակ մեղադրելով նախարարությանը:

Վազգեն Գալստանյանը, սակայն, Գյումրիում հանդիպել էր «ՏաԼույս» երգչախմբի սաներին, որոնք Գալստանյանի ներկայությամբ երգել էին, հնչեցրել շարժման կոչերը:

ԿԳՄՍ փոխնախարարը Դանիել Դանիելյանն էլ անդրադարձել էր համերգի ժամի փոփոխության մեղադրանքներին և պարզաբանել իրավիճակը։ Վերջինս ասել էր, որ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները այդ ժամանակ դեռ փորձեր էին անում և դեռ պիտի ելույթ ունենային։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031