ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանին. Փաշինյան

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ Ամառային դպրոցի ունկնդրի հարցին:

«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, կան նաև այդ քննարկումներում որոշ տարընթերցումներ: Էս վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով: Ես ուզում եմ ասել, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան չկա գրված: Դա պարզ տեքստ է, հրապարակային, կարելի է բացել և կարդալ: Այնտեղ հակառակը, գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում անվտանգությունը հաղորդակցության»,-ասել է Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու մասին է. «Էստեղ կոնտեքստից կտրված մեկնաբանությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլեւ վնասակար են եւ ՀՀ կառավարությունը հրապարակային եւ պաշտոնապես ներկայացրել է Խաղաղության խաչմերուկ նախագիծը և եթե որևէ մեկը դեմ է այդ նախագծին, պետք ա բացատրի, թե ինչու է դեմ»:

Նշենք, որ 2020 թվականի Նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետում մասնավորապես նշվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթևեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30