ՄԻՊ-ը խոստանում է հետևողական լինել աղետի գոտու բնակիչների բոլոր իրավունքների պատշաճ ապահովման հարցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի առաջին իսկ պահից աշխատել է արտակարգ ռեժիմով։ ՄԻՊ աշխատակազմի առաջնահերթ խնդիրներից են եղել մոնիթորինգը՝ մարդկանց խնդիրները բացահայտելու նպատակով և քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների հասցեագրումը։

Ալավերդի քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Այսօր ես եկել եմ Լոռու մարզ՝ հասկանալու համար քաղաքացիների կողմից բարձրաձայնած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ես հատուկ ուզում եմ շեշտադրել, որ ի սկզբանե մարդու իրավունքների մի քանի բնագավառներ ենք առանձնացրել և պետական մարմինների հետ պարբերաբար հաղորդակցություն ենք վարել հենց այդ իրավունքների բովանդակությանը վերաբերելի հարցերը պարտադիր հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Մանասյանը։

Նա նշեց, որ առաջին և հրատապ լուծում պահանջող խնդիրը անվտանգ ջրի և սանիտացիայի խնդիրն է։ ՄԻՊ-ն այս հարցը բարձրացրել է պետական մարմինների առջև և իրավասու մարմիններից ստացել է տեղեկություն իրականացված աշխատանքների վերաբերյալ։ «Ես ցանկանում եմ մեկ անգամ էլ հատուկ արձանագրել, որ նախ քաղաքացիներն այս հարցում ուշադիր լինեն, ինչպես նաև շեշտեմ, որ պետական մարմինների ուշադրությունը պետք է մշտապես այս խնդրի վրա լինի»,- մանրամասնեց Մանասյանը։

Նա նշեց, որ կարևոր են նաև մարդկանց առողջության պահպանման հետ կապված խնդիրները։ «Հաղորդակցություն ենք վարել պետական մարմինների հետ՝ քաղաքացիներին պարտադիր դեղամիջոցների, պատշաճ սննդի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման իրավունքի երաշխավորման առնչությամբ։ Սա ևս չափազանց կարևոր հարցադրում է։ Պետական մարմինների մոտ խնդիրը բարձրացնելուց հետո մեզ փոխանցվել է տեղեկատվություն, որ թե՛ դեղամիջոցների, թե՛ բժշկական օգնության և սպասարկման հասանելիությունը հնարավորինս ապահովված է։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ պարտադիր դիմել ՄԻՊ աշխատակազմին, եթե վերոնշյալի հետ կապված խնդիրներ կնկատեն։ Բնականաբար, մենք ինքներս կփորձենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- ասաց Մանասյանը։

Նա հավելեց, որ շատ կարևոր է նաև համաճարակային իրավիճակները բացառելը՝ շեշտելով, որ այս առումով առաջնահերթ նշանակություն ունի հենց քաղաքացիներին անվտանգ ջրի մատակարարումը։

Անահիտ Մանասյանը կարևորում է նաև քաղաքացիների կրթության իրավունքի պատշաճ ապահովումը արտակարգ իրավիճակի պայմաններում։ «Ես անընդհատ շեշտադրել եմ, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել կրթության իրավունքը պատշաճ ապահովելու համար։ Ես պետական մարմիններից ստացել եմ հավաստիացում, որ կրթության իրավունքի պատշաճ ապահովման նպատակով արվում են համապատասխան քայլեր»,- ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ քաղաքացիներին կոչ անելով այստեղ ևս խնդիրներ նկատելու դեպքում դիմել ՄԻՊ աշխատակազմին։

Անահիտ Մանասյանը շեշտեց նաև մարդկանց սննդամթերքով ապահովելու կարևորությունը՝ հավելելով, որ այս առնչությամբ ևս ստացել է հավաստիացում, որ քաղաքացիներն ապահովվում են անհրաժեշտ սննդամթերքով։

Շատ կարևոր խնդիր է քաղաքացիների սեփականության իրավունքի և պատշաճ փոխհատուցման հարցը։ «Այս պահին քաղաքացիների կրած վնասների գույքագրում է իրականացվում։ Այս հարցերին ես այս փուլում մանրամասն չեմ անդրադառնա, բայց, եթե այս հարցով ևս լինեն խնդիրներ, քաղաքացիներին կխնդրեմ, որպեսզի դիմեն մեզ»,- ասաց Անահիտ Մանասյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031