ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին։

Այսպես՝

ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է: 2024թ. ապրիլին ՏԱՑ-ը կազմել է 10.4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.9 տոկոսային կետով, իսկ հունվար-ապրիլ ամիսների ՏԱՑ-ը նույնպես որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 13.2%: Տնտեսական ակտիվության աճը շարունակում է պայմանավորված լինել ժամանակավոր գործոններով, որոնք կարող են կտրուկ փոխվել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը:
Էականորեն դանդաղել է նաև ծառայությունների աճը՝ ապրիլին հասնելով 0.8%-ի: Ծառայությունների աճի դանդաղման պատճառները հնարավոր կլինի վերլուծել ենթաոլորտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո, սակայն այս երևույթն արդեն իսկ հուշում է տնտեսական ակտիվության նվազման մասին, ինչն ակնհայտ կլիներ ոսկերչական գործունեության բացակայության դեպքում:
Հարկային եկամուտների աճի տեմպը շարունակում է ցածր մնալ: 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտների աճը կազմել է 9.3%, իսկ հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 6.1%: Վերջինս բավական ցածր է ՏԱՑ-ից, որի պատճառն այն է, որ հիմնական տնտեսական աճը պայմանավորող գործունեությունը չի հարկվում անհրաժեշտ չափով, սակայն այդ ուղղությամբ կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվում:
Տնային տնտեսությունների վարկերի ծավալը աճում է բավական բարձր տեմպով: 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ առևտրային բանկերի կողմից տնային տնտեսություններին տրամադրված վարկերի (սպառողական և հիպոթեքային վարկերի) ծավալն աճել է 19.7%-ով, ինչն էականորեն գերազանցում է մյուս մակրոտնտեսական ցուցանիշների աճին, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության աճին, միջին ամսական աշխատավարձերի, արտերկրից փոխանցվող դրամական միջոցների և այլ կարևոր ցուցանիշների աճերին: Դա նշանակում է, որ վարկային բեռն աճում է դրա սպասարկման հնարավորությունների աճից ավելի արագ տեմպով, ինչը միջնաժամկետում կարող է հանգեցնել ռիսկայնության բարձրացմանը:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/oHifO :

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930