Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հստակեցնել, թե ՀԱՊԿ անդամ որ պետություններն են, ըստ նրա, 2020 թվականի պատերազմի ժամանակ աջակցել Ադրբեջանին։

«Անկեղծ ասած՝ ես հետաքրքրված եմ, թե հատկապես որ երկրների մասին է խոսում Հայաստանի վարչապետը։ Ի՞նչ է, մենք ինքնե՞րս պետք է կռահենք, թե՞ մեզ հետո կպատմեն», — նշել է Զախարովան՝ հավելելով. — «Կարծում եմ, որ եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է, ապա տրամաբանական կլիներ, որ [այդ երկրները] բարձրաձայնվեին»։

Զախարովան այսօր մեկ անգամ ևս պնդել է, որ Ռուսաստանը արել է հնարավորը, որ «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»։

Երեկ խորհրդարանում Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են 2020 -ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։

«Այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը», — հավելել էր նա։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031