Կառավարությունը մտադիր է «Զվարթնոց» օդանավակայանում նոր տերմինալ կառուցել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոր տերմինալ կառուցելու շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքերը կառավարելու ուղղությամբ։

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հոսքը սպասարկելու համար։ Համաձայն եմ, որ լավարկման անհրաժեշտություն կա և, անկեղծ ասած, մեր տպավորությամբ՝ անընդհատ լավարկվում են հոսքերի կառավարման հարցերը, բայց դա բավարար չէ։ Պետք է նոր տերմինալ կառուցվի։ Նոր տերմինալի կառուցման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Բանակցությունները բավականին բարդ են, որովհետև կարծում ենք, որ գործող պայմանագրով կոնսեցիոն հարաբերությունները շարունակելն անհնար է, որովհետև կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի են»,- ասաց փոխվարչապետը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ նոր տերմինալի նախագիծը և էսքիզը կան, բայց պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են։

«Կարծում եմ, որ նոր ներդրում իրականացնելու և կոնսեցիոն հարաբերությունները ընդլայնելու վերաբերյալ ինդիկատիվ պայմանները մեկ ամիս հետո կամփոփվեն։ Ներդրման չափը կազմում է մոտ 450 միլիոն եվրո»,- եզրափակեց Գրիգորյանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930