ՀՀ իշխանափոխությունից հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու պաշտոնական որոշում չկա։ Նա այդ մասին ասաց քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Նման որոշում պաշտոնական չկա։ Այստեղ ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները ցանկություն և համախոհություն են հայտնել այս ամբողջ շարժմանն ու գաղափարին, ինչպես նաև համագործակցության մեծ դաշտ գոյացնելու»,- նշեց սրբազանը։
Հարցին, թե երբ հստակ որոշում կլինի վարչապետի թեկնածուի առումով, նա ընդգծեց՝ նախ պետք է Վեհափառ հայրապետի հետ խոսի այդ հարցի շուրջ՝ հասկանալու՝ ի վերջո այդպես է պետք գնալ, թե այլ ճանապարհով։
«Ես սեփական ջանքերով առաջադրվելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ մղում։ Ժողովուրդը պետք է առաջադրի, հաստատի։ Մեր քաղաքական դաշտի գործողներն իրենց մտքերը հայտնել են այդ մասով։ Նույն սեղանի շուրջ այնպիսի մարդիկ են նստել այսօր, որ այլ պայմաններում չեմ կարծում, թե կբարևեին իրար»,- ասաց սրբազանը։
Բագրատ արքեպիսկոպոսը նշեց, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։