Բոլոր խոշորացված համայնքները կունենան տիպային մարզահամալիրներ, շինարարության գործընթացները ընթացքի մեջ են․ նախարար

Կառավարությունն այսօր քննարկեց և հավանության արժանացրեց «Սպորտի Կառավարման կենտրոն» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը։

2018-ի համեմատությամբ մի քանի անգամ մեծացել է սպորտին ուղղվող պետական միջոցները: Երևանում և մարզերում սպորտի զարգացման նպատակով մեծ ինտենսիվությամբ կառուցվում են նոր մարզակառույցներ և, ըստ վերջիններիս միասնական գույքային կառավարման, սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ կառավարման նպատակով է, որ առաջարկվում է ստեղծել համպատասխան ՓԲԸ-ն:

Նոր ստեղծվող կենտրոնին կհատկացվի Երևանում գործող «Միկա» մարզահամալիրը և Արմավիրի մարզում գործող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Շինարարություների ավարտից հետո այս կառույցի կառավարմանը կհանձնվեն նաև ընթացքում գտնվող մյուս մարզակառույցները:

«Այսիպիսով՝ ընկերությունը կլինի միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոն, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները»,- նիստի ընթացքում նախագիծը ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Սպորտի ռազմավարությամբ նախատեսված է, որ բոլոր խոշորացված համայնքները պետք է ունենան տիպային մարզահամալիրներ, մեծ թվով շինարարության գործընթացներ հենց այս պահին ընթացքում են, և, ըստ նախարարի, այս գործընթացի արդյունքում ոչ թե առանձին ՊՈԱԿ-ներ կստեղծվեն, այլ բոլոր գույքերի կառավարումը կհանձնվի վերոնշյալ ՓԲԸ-ին:

Ըստ Անդրեասյանի՝ կլինի նաև կառավարման խորհուրդ, որում կընդգրկվեն շահագրգիռ կառույցների, նաև սպորտի ոլորտի ներկայացուցիչները: Խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ քանի որ սպորտի ոլորտում մեծ ներդրումներ են արվում, այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում, որ ներդրումները կառավարվեն մի կենտրոնից:

«ՓԲԸ-ին պետք է հստակ ուղերձ տանք, որ կառավարել սպորտային ենթակառուցվածքը՝ նշանակում է նաև լավ կառավարիչ գտնել»,- ասաց նա և ուշադրություն հրավիրեց աշխատանքային քննարկումներում հնչած այն մտահոգության վրա, թե շատ մարզական կառույցների կառավարում պետք է արտապատվիրակվի մասնավոր ընկերություններին՝ դրանով իսկ ներդնելով պետություն-մասնավոր գործընկերության սխեմաներ, հակառակ դեպքում՝ կձախողվի գործը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031