Ինձ համար Բագրատ Սրբազանը բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է. Արտակ Բեգլարյան

Բագրատ Սրբազանի դեմ սկսած արշավն ու վիրավորանքները խիստ անընդունելի ու զազրելի են, առավել ևս, երբ բխում են իշխանություն ու հանրային ազդեցություն ունեցող անձանցից:

Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի արել ու անում, հակառակը՝ պայքարում է իր դավանած արժեքների ու գաղափարների, իր ու մեր սեփական հայրենիքի համար՝ պահելով իր բարձր մակարդակն ու պարկեշտությունը:

Ես բախտ եմ ունեցել Սրբազանի հետ բազմիցս շփվելու, մտքեր փոխանակելու ազգային ու համամարդկային բազմաթիվ հարցերի շուրջ, և միշտ տպավորված եմ եղել նրա արժեհամակարգով, հոգևոր ու մարդկային որակներով:

Հիշում եմ, երբ 2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը, լսելով Շուշիի մոտ մարտերի մասին, զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի: Իմ ստացած տեղեկությունների հիման վրա՝ նրան խորհուրդ տվեցի չվտանգել իր կյանքը: Հետո իմացա, որ նա, այնուամենայնիվ, մտել էր Շուշի և աղոթել Ղազանչեցոցում:

Ինձ համար Բագրատ Սրբազանը բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է, ով ծառայող առաջնորդության շատ լավ օրինակ է ցույց տալիս: Պետք է հավատալ նրա իմաստուն ու արժեքահեն առաջնորդությանը, կանգնել նրա կողքին և պաշտպանել նրան չարի հարձակումներից:

Համամիտ չե՞ք նրա պայքարի ու քարոզած մոտեցումների հետ, ապա բավարար էթիկա, քաղաքական մշակույթ ու մասնագիտական կարողություններ ցուցաբերեք ժողովրդին հակառակում համոզելու հարցում, ոչ թե կիրառեք կեղտոտ տեխնոլոգիաներ Բագրատ Սրբազանին և այլ պայքարողների անվանարկելու, զրպարտելու, վիրավորելու, զազրախոսելու և այլ մեղքերով «ռմբակոծելու» համար: Էլ չասեմ, թե որքան դատապարտելի է բիրտ ուժի կիրառումը իրենց հայրենի օջախները պաշտպանող անձանց հանդեպ:

«Հինգերորդ շարասյան» ու «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ հեքիաթներն էլ վաղուց ծիծաղելի են, որ պատմում եք բոլոր ընդդիմախոսների մասին՝ պարզապես նրանց հեղինակազրկելու համար: Եթե Բագրատ Սրբազանն էլ է «օտարերկրյա գործակալ», ապա ազգովի նվազագույնը սատանիստներ ենք, իսկ Սրբազանն էլ, այո, կարող է գործակալ լինել, սակայն՝ Աստծո գործակալը…

Թեև քաղաքական բարձր մշակույթ պահելու պարտավորությունը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերինն է, և նշված խնդիրները շատերի մոտ են դրսևորվում, սակայն ցանկացած երկրում քաղաքական մշակույթի ու ազգային համախմբվածության դիրիժորը գործող իշխանությունն է լինում: Ուստի, ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը: Իսկ մեր իրական թշնամիները հրճվանքով նայում են և անընդհատ կրակին յուղ լցնում:

Վստահ եմ՝ մեր ազգի վերածնունդը դեռ գալու է: Ձմեռը որքան էլ խիստ լինի, միևնույն է՝ գարունը կգա:

Արտակ Բեգլարյան

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031