Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել են Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, ովքեր իրենց ընտանեկան մասունքները` Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և թվով ինը լուսանկար, հանձնել են Հայոց ցեղասպանության թանգարանին:

Այս մասին հայտնեկլ են ՀՑԹԻ-ից։

Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը, շնորհակալություն հայտնելով բացառիկ նյութերի տրամադրման համար, հույս է հայտնել, որ դրանք, մասնավորապես օրագրությունը, նոր լույս կսփռեն ինչպես Սողոմոն Թեհլիրյանի կյանքի, այնպես էլ hայոց պատմության հերոսական էջերից Նեմեսիս գործողության առանձին դրվագների վրա:

Իր խոսքում Էդիտա Գզոյանը կարևորել է նաև Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նշանակությունը ցեղասպանության եզրույթի և կոնվենցիայի ստեղծման հարցում` նշելով. «Սողոմոն Թեհլիրյանը մերն է, բայց նա նաև աշխարհինն է»:

Այնուհետև ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը ներկայացրել է Հայաստանի տարբեր թանգարաններում և արխիվներում, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվող Սողոմոն Թեհլիրյանի լուսանկարները, անձնական փաստաթղթերը և այլն:

Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանն իրենց խոսքում նշել են, որ երկար քննարկելուց հետո հասկացել են, որ Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրության և լուսանկարների տեղը հենց Հայոց ցեղասպանության թանգարանն է:

Ի նշան երախտագիտության՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նվիրատուներին հանձնել է ապրիլքսանչորսյան ծաղկաթերթերից պատրաստված շնորհակալագրեր:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031