Թուրքիայում Իրանի դեսպանը զարմացել է՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս է նախապես իմացել Ռուսաստանում ծրագրված ահաբեկչության մասին

Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեն կարծում է, որ Մոսկվայի շրջանում և Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները նման են, դիվանագետը զարմացել է, թե ինչպես է ԱՄՆ-ը նախապես իմացել դրանց մասին, «գաղտնիքը պետք է բացահայտվի»։

Նրա խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։

«Մի քանի ամիս առաջ Քերմանում սպանվեց 89 մարդ, հիմա նույն գործողությունը կրկնվել է Ռուսաստանում: Ահաբեկչությունները Ռուսաստանում և Իրանում շատ նման են, երկու դեպքում էլ ԱՄՆ-ը հայտարարել է, թե գիտեր այդ մասին և ծանուցել է:

«Հիմա «Նույնն ասում են Ռուսաստանի մասին: Մեզ համար հարց է. ԱՄՆ-ը որտեղի՞ց է նախօրոք տեղյակ ահաբեկչությունների մասին, և ինչու են այդ հարձակումները միշտ տեղի ունենում մեր տարածաշրջանում» — ասել է դիվանագետը։

Հունվարի 3-ին Քերմանում պայթյուններ են տեղի ունեցել հուղարկավորության երթի ժամանակ՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցի հետ։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյուններն իրականացվել են հեռակա կարգով՝ պայթուցիկներով երկու պայուսակ են գտնվել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ։ Մի քանի տասնյակ մարդ զոհվել է, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։

Ավելի ուշ իրանական IRNA պետական գործակալությունը, վկայակոչելով ԱԳՆ աղբյուրին, հերքել է արևմտյան լրատվամիջոցների պնդումները, թե Վաշինգտոնը Թեհրանին զգուշացրել է Քերմանում մոտալուտ ահաբեկչության մասին։

Մարտի 8-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ վերահսկում է Մոսկվայում մարդկանց մեծ հավաքների, այդ թվում՝ համերգների վրա հարձակման «ծայրահեղական» ծրագրերի մասին հաղորդումները: Ավելին, «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սպիտակ տունը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ մարտին ԱՄՆ-ը տեղեկություն է ստացել Մոսկվայում, ենթադրաբար մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին և կիսվել ռուսական կողմի հետ։ Իր հերթին, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը որևէ ծանուցում չի ստացել Մոսկվայում մոտալուտ ահաբեկչությունների մասին հաղորդագրությունների ֆոնին, որոնք ավելի վաղ հրապարակվել էին ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության կողմից։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ եթե ԱՄՆ-ը հավաստի տվյալներ ունի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ, ապա դրանք պետք է անհապաղ փոխանցվեին ռուսական կողմին։ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նշել էր, որ մարտի սկզբին Ռուսաստանում ահաբեկչություն նախապատրաստելու մասին տեղեկատվությունը, որը փոխանցել է Վաշինգտոնը, ընդհանուր բնույթ է կրել, որին արձագանքել են ռուսական հատուկ ծառայությունները։

«Սրանք հասարակ իրադարձություններ չեն, գաղտնիքը պետք է բացահայտվի… Ո՞վ է կանգնած այս հարձակումների հետևում, ես որևէ տեղեկություն չունեմ հստակ ասելու, բայց եթե ուշադիր նայեք, մեթոդը նույնն է, ձևը նույնն է», — ասել է դեսպանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031