Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար

Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը 2020-ից հետո արտադրված զենք է ներմուծել Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Բաքուն նշել է, թե «հակաահաբեկչական գործողությունից հետո», [Ադրբեջանն այսպես է բնորոշում սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար արցախցիներ լքեցին իրենց տները], Ղարաբաղի տարածքում հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի թիվը խոսում է այն մասին, որ այդ տարածքները դարձել են ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկը»։

«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իր զորքերը Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն, ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տարածաշրջան, այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ», — ասված է հայտարարությունում։

Բաքուն հայկական կողմին նաև մեղադրել է շփման գծի երկայնքով մինչև 480 կիլոմետր ձգվող նոր ականապատ տարածքներ, ավելի քան 500 մարտական դիրքեր և ամրացված կրակակետեր, ինչպես նաև կենտրոնացված ռազմական ուժեր ստեղծելու համար, որոնք «կարող են հարձակողական գործողություններ իրականացնել»:

Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Բաքվի նոր մեղադրանքներին։ Պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս է հայտարարել, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չի ունեցել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930