Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները չունեն իրավական լիազորություններ ձերբակալելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված օրդերի հիման վրա։
«Միանգամայն ակնհայտ է, որ մենք չունենք սեփական իրավական լիազորություններ այս օրդերը իրագործելու համար։ Այնուամենայնիվ, դաշնային կառավարությունն օժտված է այդ լիազորություններով, և ես կոչ եմ անում նրան միանալ ՄՔԴ-ին ու իրագործել այդ օրդերը»,- ասել է Մամդանին X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։
Նա հստակ արտահայտվել է, որ Նյու Յորքն ուրախ չէ ընդունելու Բենիամին Նեթանյահուին, ինչպես նաև «ցանկացած այլ ռազմական հանցագործի, որը գտնվում է ազատության մեջ»:
«Թեև մենք չենք կարող մեր ուժերով դադարեցնել ցեղասպանությունը, սակայն մենք կարող ենք որոշել՝ մեր լռությունը կդառնա՞ արդյոք ևս մեկ զենք, թե՞ կարող ենք օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ մարդկությունն ու բոլոր մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու համար։
Սա իմ պարտականությունն է ձեր առաջ»,- հավելել է Նյու Յորքի քաղաքապետը:






































