Հայաստանում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի առաջին կիսամյակում զգալի աճ է գրանցել՝ հասնելով շուրջ 1,8 միլիոնի։
«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը՝ ամփոփելով հիմնադրամի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները։
Խարազյանի խոսքով՝ հիմնադրամը հետևողականորեն և շարունակաբար պետք է հանրային իրազեկում և եռամսյակային հաշվետվությունների հրապարակում իրականացնի, ինչն ամրագրված է՝ որպես հետևողականորեն իրականացվող գործառույթ։ Նրա բնորոշմամբ՝ գործունեության եռամսյակային հաշվետվություններն առկա են հիմնադրամի կայքում, և բոլորը կարող են ծանոթանալ դրանց։
«Առողջության համընդհանուր ապահովագրության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2026 թվականի հունվարի 1-ից, ապահովագրված քաղաքացիների ընդհանուր քանակն ավելացել է շուրջ 14 տոկոսով։ Եթե մենք տարեսկզբին խոսում էինք 2026 թվականին շուրջ 1,6 միլիոն շահառու ունենալու մասին, ապա արդեն հունիսի տվյալների համաձայն՝ շահառուների թիվը կազմում է շուրջ 1,8 միլիոն, և այս թվի մեջ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։ Այսինքն՝ այս աճը հիմնականում պայմանավորված է 200 հազար և բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվաքանակի աճով»,- նկատել է Խարազյանը։
Վերջինիս խոսքով՝ այս ցուցանիշների աճը նաև պայմանավորված է երկրի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և առողջապահության համակարգի կարևորության մեծացմամբ։
Սամվել Խարազյանը նաև նշել է, որ այդ՝ շուրջ 1,8 միլիոն շահառուներից 762 հազար 404-ն օգտվել է համակարգի այս կամ այն ծառայությունից։ Իսկ միայն դեղեր ստացած շահառուների թիվը կազմում է 35 հազար 961։
Նրա խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգի ցուցանիշները նաև վկայում են այն մասին, որ այն բոլոր մարդիկ, որոնք ժամանակին չեն կարողացել բուժօգնություն ստանալ՝ ելնելով ֆինանսական դժվարություններից, ապա այժմ նրանք ազատորեն օգտվում են համակարգի տրամադրած ծառայություններից։
«Այս 6 ամիսների ընթացքում արդեն իսկ շահառուներին փոխհատուցվել են 102,4 միլիարդ դրամի ծառայություն և դեղորայք։ Ցուցանիշների համաձայն՝ հիմնադրամի ծախսերի գերակշիռ մասն ուղղված է եղել թանկարժեք վիրահատությունների իրականացման կամ ոչ այնքան թանկարժեք, բայց անհրաժեշտ վիրահատությունների իրականացմանը։ Այս բոլոր վիրահատությունների իրականացումը նպաստել է նաև մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ու կյանքի տևողության երկարացմանը»,-մանրամասնել է Խարազյանը։
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլով համակարգի շահառու են դարձել 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացող անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, 65 և ավելի բարձր տարիքի թոշակառուները և մինչև 18 տարեկան երեխաները։






































