Նոյեմբերի 19-ին՝ 19։00-ին, Grand Hotel Yerevan-ում կկայանա Հայ Գործարարների Ասոցիացիայի նախաձեռնած «Նվիրիր Հայկականը» կատալոգի պաշտոնական շնորհանդեսը։ Նախագծի նպատակն է աջակցել տեղական արտադրողներին, բարձրացնել հայկական ապրանքանիշների ճանաչելիությունը և խրախուսել հայկական արտադրանք նվիրելու մշակույթը։
Նախաձեռնության շրջանակում ստեղծվել է տպագիր և առցանց կատալոգ, որն ընդգրկում է տարբեր ոլորտների ավելի քան 50 հայկական ապրանքանիշ։ Կատալոգում ներկայացված են ինչպես անհատական, այնպես էլ կորպորատիվ նվերների տարբերակներ՝ նպատակ ունենալով հայկական արտադրանքի ընտրությունը դարձնել առավել հեշտ և հասանելի։
Կատալոգը ներկայացված է լինելու առևտրի և բիզնես կենտրոններում։ Շնորհանդեսի ընթացքում Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը կներկայացնի նախաձեռնության հիմնական գաղափարն ու նպատակները և կմանրամասնի Ասոցիացիայի գործունեության՝ հայկական բիզնեսին աջակցելու և տեղական արտադրողների համար նոր հնարավորություններ ստեղծելու ուղղությունը։
Միջոցառմանը կմասնակցեն հայկական ապրանքանիշների, գործարար համայնքի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագրում նախատեսված են նաև գործընկերների ելույթներ, ինտերակտիվ հատված և երաժշտական կատարումներ։
Շնորհանդեսի ավարտին հյուրերին կտրամադրվեն «Նվիրիր Հայկականը» կատալոգի տպագիր օրինակները։
«Նվիրիր Հայկականը» շարունակական նախաձեռնություն է, որի շրջանակում նախատեսվում է ընդլայնել մասնակից ապրանքանիշների շրջանակը, բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը և նպաստել տեղական արտադրողների ու հնարավոր գնորդների միջև նոր համագործակցությունների ձևավորմանը։
Նախաձեռնության գլխավոր ուղերձն է՝ «Հայկականը նվիրելու մշակույթը սկսվում է քեզնից»։






































