Skip to main content

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

Երեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նոր նախագծով նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից (խմբ․՝ երեխան ընտանիքի առաջին, երկրորդ, երրորդ կամ հաջորդ երեխան է) և հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափից։

Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում այս մասին հայտնեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրի շարունակության համար առաջարկվող փոփոխությունները։

«Աջակցության չափը, անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափից, սահմանում ենք մեկ միլիոն դրամ»,- ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նաև անշարժ գույքի գնի առավելագույն սահմանաչափը ներկայիս 35 մլն դրամից բարձրացնել մինչև 40 մլն դրամ։

Նախագծով նախատեսվում է խստացնել այլ բնակելի գույք չունենալու պայմանը՝ հաշվի առնելով նաև նախորդ 12 ամիսներին օտարված գույքը։Թորոսյանը հայտնեց, որ առաջարկվում է չշարունակել ծրագրի առանձին մարզային բաղադրիչը։

Նա ընդգծեց, որ երեխայի ծննդյան կապակցությամբ աջակցության առաջարկվող կարգը վերաբերելու է բոլոր համայնքներին՝ ներառյալ մարզային բնակավայրերը։«Այն, ինչ ասում եմ, վերաբերում է բոլոր համայնքներին, այդ թվում՝ մարզերին»,- պարզաբանեց նախարարը։

Նրա խոսքով՝ առանձին մարզային բաղադրիչից օգտվելու ակտիվությունը ցածր է եղել, դիմողների զգալի մասը կենտրոնացել է Կոտայքի մարզի՝ Երևանին մոտ համայնքներում։ Նախարարի գնահատմամբ՝ այդ բաղադրիչը չի ապահովել ակնկալվող ապակենտրոնացումը դեպի ավելի հեռավոր մարզեր։

Թորոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը շրջանառվում է և ներկայացված է հանրային քննարկման։ Վերջնական տարբերակը կձևավորվի ստացված կարծիքներից հետո։ Այն նախատեսվում է ընդունել մինչև տարեվերջ՝ գործող ծրագրի շարունակությունն ապահովելու համար։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031