Skip to main content

Անդրեասյանն ու Վրաստանի սպորտի նախարարը քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Կողմերը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակականությունն ու փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես համատեղ մարզական հավաքների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։

Շալվա Գոգոլաձեն նշել է, որ Հայաստանից հրավեր է ստացել մասնակցելու 2027 թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Վրաստանի մասնակցության հետ կապված հարցերը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ նշելով, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր հարթակ են ինչպես մարզական համագործակցության զարգացման, այնպես էլ երկու երկրների երիտասարդների միջև կապերի ամրապնդման և բարեկամական հարաբերությունների ընդլայնման համար։

Կողմերը կարևորել են նաև Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Վրաստանի համար ոչ միայն խոշոր մարզական իրադարձություն է, այլև համագործակցության խթանման, փորձի փոխանակման և տարածաշրջանային գործընկերության ամրապնդման կարևոր հնարավորություն։

Հանդիպման ավարտին նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031