Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Կան որոշ ապրանքներ, որոնք ըստ էության սեպտեմբեր ամսվա համար արտահանման պոտենցիալ այլևս չունեն, դրանք են՝ մոշը, կեռասը, ազնվամորին, ու այդպիսի մի քանի ապրանքներ ևս, հանել ենք, ու փոխարենը ավելացրել ենք ծաղիկի արտահանումները: Դեղձի և թզի համար տրամադրվող վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար տրամադրվող փոխհատուցման ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգում ենք, իսկ մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային բոլոր տեսակի ընդունված միրգ-բանջարեղենների համար, պահպանված են:
Այս տարվա հունվար-հուլիսը ամփոփել ենք և կարող եմ ասել, որ ըստ էության այս ծրագրերը իրենց խնդիրն ամբողջությամբ լուծել են, եթե անցած տարի առաջին 7 ամսում մենք 865 միլիոն դոլարի ագրո պարենային արտադրանք էինք արտահանել՝ սկսած մրգից, բանջարեղենից, մինչև վերամշակված արտադրանք, ապա այս տարի ընդամենը 1,85% ենք պակաս արտահանել: Հաշվի առնելով տեմպերը՝ նույնիսկ մտածում ենք, որ օգոստոսը ներառյալ արդեն կարող ենք գերազանցել, այսինքն արտահանման ծավալների խնդիրը լուծված է, և մենք դիվերսիֆիկացնում ենք ու արտահանում»,- նշել է Պապոյանը:






































