«Հայաստան» դաշինքը մտադիր է վերցնել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։
Դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի վճռից հետո անհրաժեշտ է համարում ներկայացնել պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ իր դիրքորոշումը։
«Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- նշված է հայտարարության մեջ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը ևս հայտարարել էր, որ դաշինքը որոշել է վերցնել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։
Հիշեցնենք՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ի արտահերթ նիստում ամփոփել էր ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունել Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշումը։
Մանդատները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ․
«Ուժեղ Հայաստան» դաշինք (կազմում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն,«Նոր դարաշրջան» կուսակցություն,«Միավորված հայեր» կուսակցություն)՝ 29 մանդատ․
«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ կազմում՝ ՀՅԴ, «Առաջ» աջակենտրոն կուսակցություն՝ 12 մանդատ։
Հիշեցնենք նաև, որ ՍԴ էին դիմել 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ժողովրդավարության պաշտպանների միություն հանուն հանրապետության», «Նոր ուժ» կուսակցությունները։ Ավելի ուշ «Նոր ուժը» դադարեցրել էր մասնակցությունը։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանն ուժի մեջ էր թողել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:






































