Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։
Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշեց Հարություն Բոգարյանը։
Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, օրեր անց՝ հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։
1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։
1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։
1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։
1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։
1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։
2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։
Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ»,«Ռուսական տապան»,«Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»…Նկարահանվել է նաև մի շարք սերիալներում։






































