Ինչո՞ւ պարտվեց ընդդիմությունը կամ՝ «Հուդան» մատնեց ոչ թե «Հիսուսին», այլ իր «գործակատարներին»

2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն երրորդ անգամ է, ինչ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստանձնում է երկրի կառավարումը, կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ երրորդ անգամ է, որ պետք է ստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը։ 1990-ից այս կողմ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած և ոչ մի գործչի, նկատենք, չի հաջողվել «երրորդ սրոկ» պաշտոնավարել. 2018-ին դա փորձեց անել Սերժ Սարգսյանը՝ վարչապետի կարգավիճակում, բայց թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո՝ հայտնի է բոլորին։ Երկրի ղեկավարի պաշտոնում «երրորդ գալստյան» (նախագահի և վարչապետի կարգավիճակով) սևեռուն ամբիցիաներ, արձանագրենք, ունեցել են նաև առաջին և երկրորդ նախագահները՝ համապատասխանաբար 2008-ին և 2021-ին։ Սակայն փորձերն այդ պսակվել են առաջինի դեպքում ողբերգությամբ՝ Մարտի 1-ի դեպքեր, երկրորդի դեպքում՝ ԱԺ-ում իր փաստացի ղեկավարմամբ գործած (գործող) խմբակցությամբ։ Անհերքելի է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցած՝ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հավակնում էր երկրորդ փորձից ստանձնել երկրի կառավարումը՝ դառնալ վարչապետ, փորձելով կոմպենսացնել 2021-ի ֆիասկոն, սակայն այժմ էլ ստիպված է բավարարվել խորհրդարանում ունեցած՝ 2021-ի համեմատ մաշված քվոտայով ու էլ ավելի «քիփլիկ» դարձած խմբակցությամբ։

Նկատենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, համեմատած երկրորդի, այս անգամ (2021-ի համեմատ) ունի ավելի ընդլայնված կազմով խմբակցություն՝ ի դեմս «Ուժեղ Հայաստան»-ի։ Այո, ՀՀԿ-ն չմասնակցեց ընտրություններին, սակայն միայն իրավական մասնակցության առումով, բայց ոչ՝ քաղաքական։ Ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցող «Ուժեղ Հայաստան» կոչվող կազմակերպությունը կարելի է համարել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի, այսպես ասած, «դուստր կազմակերպությունը», որի ստացած քվեները կլանել են նաև ՀՀԿ-ի քաղակտիվն ու ընտրազանգվածը։ Ասել է թե՝ «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկած ընդդիմադիր էլեկտորատի մաս է կազմում նաև ՀՀԿ-ն․ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան՝ վերջին շրջանում սրված դիմակայության ֆոնին, բնականաբար, ՀՀԿ-ի ձայները գնացել են ոչ թե Քոչարյանի «Հայաստան», այլ Կալուգացու «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Միայն ծանծաղամիտը կկարծի, թե բացառապես Սամվել Կարապետյանի, նկատենք՝ կատարյալ ապոլիտիկ գործչի քաղաքական տաղանդի արտահայտումն են կես տարուց էլ կարճ կենսագրություն ունեցող, անգաղափար, փողի ու ազդեցության վրա հիմնված «Ուժեղ Հայաստան»-ի ստացած ձայները։ Այն, որ Սամվել Կարապետյանը քաղաքական դեմք ու դիմագիծ չունեցող պերսոն է՝ ապացուցվեց ընտրարշավի ժամանակ, երբ Կալուգայում հարստացած ու հայկական քաղաքական դաշտի առանձնահատկություններին անհաղորդ սուբյեկտը «փայլեց» իր քաղաքագիտական տգիտությամբ ու զավեշտական պնդումներով։ Հետևապես, երբ ասում ենք «Ուժեղ Հայաստան», պետք է նկատի ունենալ «ուժ ու հարաքյաթ» ձեռք բերած ՀՀԿ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը եղբայրն է Կարեն Կարապետյանի, որը ժամանակին եղել է երրորդ նախագահ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, երրորդ նախագահի ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորն ու նույն այդ խմբակցության ղեկավարը։

Եվ որքան էլ Սամվել Կարապետյանն ու նրա քաղաքական առումով անփորձ ու ապաշնորհ թիմը ջանում էին դիստանցավորվել նախկիններից՝ չնույնացվելու նախկին նախագահների ու նրանց թիմերի հետ, սակայն, ինչպես ասում են՝ նախկինների «պոչն ու ականջները» մատնում էին «դեղնակտուց ճտերի» ով լինելը։

Ընդդիմության ճակատագրական սխալները

Ընտրությունների օրվան հաջորդող օրվանից, ինչպես ընդունված է ասել, պետք է ոչ միայն պատրաստվել հաջորդ ընտրություններին, այլև վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած ընտրություններին նախորդած շրջանում թույլ տրված սայթաքումներն ու վրիպումները, նաև՝ սխալները, որոնք ընդդիմադիր ֆավորիտ ուժերի դեպքում եղել են ճակատագրական բնույթի։

Մասնավորապես երկրորդ և երրորդ նախագահների շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերի՝ անցած 5 տարիների ճակատագրական սխալներից մեկը նրանց կողմից գեներացված իշխանափոխության անհաջող փորձերն էին՝ փողոցային պայքարի միջոցով։ Անցած 5 տարիների ընթացքում, նկատենք, առնվազն երեք հիշարժան փորձ է արվել տուն ուղարկելու Նիկոլ Փաշինյանին՝ 2022-ի ապրիլից սկսած Դիմադրության շարժման, 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած տեղահանումից հետո սկսված փողոցային պայքարի, 2024-ին տեղի ունեցած «սրբազան պայքարի» միջոցով, սակայն դրանք կատարյալ ֆիասկո են արձանագրել։ Չհաշված, թե քանի անգամ է այս ընթացքում օրակարգ բերվել վարչապետին իմպիչմենթ հայտարարելու օրակարգը, որը նույնպես հարգելի ընդդիմությունը բարեհաջող ձախողել է։ Այսպիսով ապացուցվել է, որ հավաքական ընդդիմությունը չունի հանրային աջակցություն՝ արտաընտրական եղանակով երկրում իշխանություն փոխելու համար, և իհարկե անհրաժեշտ քվոտա՝ խորհրդարանական մակարդակում վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Այս հանգամանքները անխուսափելիորեն հիասթափություն առաջացրին ընդդիմադիր էլեկտորատի մոտ, և ինչպես վերջերս փոդքաստներից մեկի ժամանակ իրավացիորեն նկատեց ինքը՝ Քոչարյանը, «մաշեցնելով» նաև հենց իրենց՝ ընդդիմության հեղինակությունը։ Սա հանգեցրեց նրան, որ մասնավորապես երկրորդ և երրորդ նախագահների թիմերից իշխանափոխություն (թեկուզ՝ միջնորդավորված, ինչպես, օրինակ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմքով) ակնկալած, բայց հիասթափված ընտրազանգվածը քաղաքական «նոր ներշնչանքի» աղբյուր՝ «մեսիա» որոնի։ Հիասթափվածների ակնկալիքները բավարարելու եկավ, ավելի ճիշտ՝ իջեցվեց Սամվել Կարապետյանը, որը հավակնեց «իր ձևով» լուծել երկրիս առջև ծառացած խնդիրները՝ հանդես գալով առաջին հայացքից պոզիտիվ օրակարգով՝ հայ ժողովրդի համախմբման ու գոյատևման սիմվոլի՝ եկեղեցու պաշտպանության դիրքերից։ «Թարմ դեմքի», «բարերարի», «աչքը կուշտ, տեսած»-ի, «մեր սրբության սրբոց եկեղեցու պաշտպան»-ի կերպարը, այո՛, գայթակղեց ընդդիմադիր ընտրազանգվածի որոշ հատվածի։ Սակայն «միլիարդատեր մեսիան» այդպես էլ չվերաճեց քաղաքական, խարիզմատիկ առաջնորդի, որը կկրկներ 2018-ի թավշյա հեղափոխության առաջնորդի ֆենոմենը։ Դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ գործ ունենք ընդամենը չաղլիկ քսակով ու քաղաքական դատարկ ասելիքով սուբյեկտի հետ, որը, այո, կարողացավ երկնիշ թվով տոկոս «խփել» բացառապես փողի՝ ընտրակաշառքի ու ազդեցության՝ իրեն պատկանող ընկերություններում աշխատող մարդկային ռեսուրսի շնորհիվ։ Չթերագնահատենք նաև ՌԴ-ից Հայաստան՝ Սամվել Կարապետյանի օգտին քվեարկելու նպատակով «առաքված» էլեկտորատի հանգամանքը, որը, ենթադրաբար, հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան չէր գա, եթե չլիներ արտաքին շահագրգիռ կենտրոնի՝ ՌԴ-ի ցուցում-պարտադրանքը։ Հիշեցնենք, որ նախքան ընտրությունները՝ ս․թ․ մարտին, Արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»: Այդ գործողությունները, ըստ ԱՀԾ-ի, «ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։

Քաղաքական մրցունակ, պոզիտիվ օրակարգի բացակայություն

Ի՞նչ գլխավոր ու մրցունակ օրակարգով էր մասնավորապես «եռագլուխ ընդդիմությունը» մտել ընտրապայքարի մեջ, և արդյոք այդ օրակարգը պոզիտի՞վ էր՝ հանրային հնարավորինս լայն շերտեր համախմբելու, կրիտիկական զանգված գեներացնելու առումով։ Պատասխանն ակնհայտ է՝ ընդդիմության օրակարգը ինչպես 2021-ին, այնպես էլ այժմ նեգատիվ էր, ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» ուղերձով՝ «դժգույն անցյալին» հղում անելով։ Ընդդիմադիր երեք ուժերն էլ, ընտրողը վստահաբար արձանագրած կլինի, թութակում էին միևնույն թեզը՝ «երեք պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել, մենք կգանք և կբերենք ուժեղ, երաշխավորված խաղաղություն»։ Այստեղ երկու՝ քարոզչական առումով դեստրուկտիվ պնդում կա։ Նախ՝ «երեք պատերազմ բերած» ձևակերպմանն անդրադառնանք. 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի ընտրապայքարի ժամանակ, գուցե հնարավոր էր հանրությանը համոզել, որ «պատերազմ բերածը» Նիկոլ Փաշինյանն է, Սերժ Սարգսյանի ասածի հանգույն՝ «պատերազմը գցելով Փաշինյանի ջեբը»։ Սակայն անցած 5 տարիների ընթացքում դեպքերի ընթացքն ու Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները 44-օրյա պատերազմի ծագման մասին ի չիք դարձրին նրա՝ «պատերազմ բերածի» մեղադրանքը։ Ընտրողը հետպատերազմական շրջանում տեսավ ու համոզվեց, թե ով է 44-օրյա պատերազմի «դիրիժորը», ով է, որ ռազմավարական դաշնակցի տրաֆարետի ներքո իրականում զբաղված է «եղբայրական երկրի»՝ Հայաստանի հաշվին սեփական խնդիրները լուծելով ու շահերը սպասարկելով։ Ով էր, որ հանձնեց Լեռնային Ղարաբաղը՝ լինելով դրա երաշխավորը, ով և որ կազմակերպությունն էր, որ հետույքն անգամ աթոռից չկտրեց՝ կատարելու իր պայմանագրային պարտավորությունները, երբ 2021-ին և 2022-ին ՀՀ տարածքի նկատմամբ տեղի ունեցավ ոտնձգություն՝ ռազմական ագրեսիա։ Ընդդիմությունը 2021-ին խաղադրույք էր կատարել այն հանգամանքի վրա, որ ՀՀ քաղաքացին քվե չի տա պատերազմում պարտված իշխանությանը, 2026-ին էլ խաղադրույք էր կատարել այն հանգամանքի վրա, որ 2021-ի «սխալը»՝ պարտված իշխանությանը ձայն տալը, ՀՀ քաղաքացին կշտկի 2026-ին՝ ձայն չտալով Արցախը, Տավուշի 4 գյուղերը «հանձնած», ՀՀ սուվերեն տարածքի (Ջերմուկ, Գեղարքունիք) 200 ք/կմ-ը Ադրբեջանին «զիջած», անկլավները հանձնել պատրաստվող իշխանությանը։ Սակայն պարզվեց, որ «զիջած, հանձնած, տված» տերմինների վրա խաղադրույքը փչվեց՝ այդպես էլ «շահույթ» չբերելով խարդախ «խաղացողներին»։ Հատկանշական է, որ «Արցախը հանձնած», «Արցախի վերադարձի էջը փակած» իշխանության օրակարգին ի հակադրություն ընդդիմադիր ուժերից և ոչ մեկը հանդես չեկավ «Արցախի վերադարձի» և կամ «արցախցիների վերադարձի» մասին իրատեսական խոստումով՝ այսպիսով հիասթափեցնելով նաև ԼՂ-ից տեղահանված և ՀՀ-ում հաստատված էլեկտորատի հիասթափությունը։

Ինչ վերաբերում է «ուժեղ և երաշխավորված» (երաշխավորներ ներգրավելով) խաղաղության խոստմանը, ապա ռացիոնալ դատող էլեկտորատը նախընտրեց շոշափելի, հաստատված խաղաղությունը վերացական խաղաղությունից, եթե չասենք՝ նոր պատերազմի ռիսկից՝ հակադարձելով սպեկուլյանտներին՝ «խաղաղություն բերող էիք, ապա ձեր իշխանության օրոք բերեիք»։ Հասկանալով, որ «պատերազմ բերածի», «Արցախը հանձնածի», «անարժանապատիվ խաղաղության» նարատիվները պատշաճ արձագանք չեն գտնում հանրության մոտ, քարոզարշավի օրակարգ ներմուծվեց հաջորդ նեգատիվ նարատիվը՝ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» մասին կեղծիքը՝ փորձելով տեղեկատվական ահաբեկման, տագնապ հարուցելու հնարքի միջոցով ազդել ընտրողի վրա։ Նկատենք, որ այդ հորինվածքը ագրեսիվ կերպով առաջ էին մղում մասնավորապես Կալուգացին և նրա ղեկավարած ուժը։ Սակայն այս նարատիվն էլ ընտրություններից մի քանի օր առաջ «պայթեց», ընդ որում՝ այն շրջանառողի թեթև ձեռամբ, ավելի ճիշտ՝ «շուրթամբ»՝ Սամվել Կարապետյանը խոստովանեց, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին լուրը ընդամենը ասեկոսե է, սեփական գլխում արտադրված ենթադրություն։

«Հուդան» մատնեց իր «գործակատարներին»

Եռագլուխ ընդդիմության վանող, բացասական տրամադրվածություն հարուցող «կոդը» պրոռուսականությունն էր և է։ Հանուն արդարության նկատենք, որ ՌԴ նախագահ Վ․ Պուտինն իր անձնական ու անուրանալի ներդրումն ունի եռագլխի «հրեշականացման» հարցում, քանի որ թե՛ նախընտրական, թե՛ քարոզարշավի շրջանում ձեռքից եկածն արեց՝ մատնելու ՀՀ լեգիտիմ ղեկավարին գահընկեց անելու համար ռինգ հանված «առաքյալներին»։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «Հուդան» մատնեց ոչ թե «Քրիստոսին», այլ իր գործակատարներին։ 44-օրյա պատերազմից, ՀԱՊԿ-ի՝ ՀՀ նկատմամբ պարտավորությունները չկատարելուց, ԼՂ կորստից հետո ՀՀ-ում խորացած հակառուսականության ֆոնին, նկատենք, նույնիսկ ռուսական արտադրության սև օճառի նկատմամբ կա կասկած ու անվստահություն։ Հետևապես «ոտքերն ամպոտ» ով էլ արժանանար Պուտինի ու նրա կոնտորայի անթաքույց հովանուն՝ ընդհուպ, թող ների Աստված՝ Սուրբ Նիկոլայ Հրաշագործը, համոզված ենք, արժանանալու էր հակազդեցության։ Իրենք՝ «առաքյալներն» էլ, նկատենք, սրբազան երկյուղածությամբ էին իրացնում «Հուդայի» ցուցումը՝ ընդհուպ ցուցմունք տալով սեփական երկրի ու պետության դեմ։ Հիշենք, թե մասնավորապես Ռ. Քոչարյանն ինչ փութաջանությամբ էր կատարում ՌԴ-ի փաստաբանի դերը՝ 44-օրյա պատերազմի, Ղարաբաղի կորստի, ՀԱՊԿ-ի անգործության և հընթացս ՀՀ-ին պատուհասած բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելով բացառապես Նիկոլ Փաշինյանին՝ հղում անելով Պրահայի հայտարարությանը, վկայաբերելով փաստազուրկ հիմնավորումներ։

Արդ, փաստերի հանրագումարն ու քաղաքական տարրական հոտառությունը հուշում էին ընտրողին, որ Ղարաբաղի «վերջը տված» ռազմավարական դաշնակիցը իր վերջին ճակատամարտն է մղում ընդդեմ Հայաստանի լեգիտիմ, ժողովրդավար իշխանության՝ կամենալով տալ նաև վերջինիս «վերջը»։ Սակայն կամենալը, ինչպես հայտնի է, դեռ կարենալը չէ։

Այնպես որ, պետականության ու անկախության համար թանկ գին վճարած ՀՀ քաղաքացուն այլ բան չէր մնում, քան՝ ինքնապաշտպանությունը։

Հ. Մանուկյան

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930