Հայաստանն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել․Փաշինյան

2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցած այս փոփոխությունների համար, որովհետև կան ոլորտներ և ընկերություններ, որոնց դերը Հայաստանի Հանրապետությունում դժվար է գերագնահատել։ Շատ կարևոր է, որ այդ ընկերությունները նաև նոր մենթալիտետ, նոր մտածողություն, նոր կուլտուրա են բերում Հայաստանի Հանրապետություն, ինչն իրականում ամենակարևոր կապիտալն է, նոր տարածքներ է բացում՝ գործունեության նոր ոլորտներ, նոր դաշտեր մտնելու համար։

Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել։ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել։ Ակնհայտ է, որ Կառավարությունն առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների և տնտեսության իրական հատվածի, դա չի կարող անել և ընդամենը այսօր շնորհակալություն հայտնելուց բացի, ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա, սա է, ըստ էության, իմ հիմնական ուղերձը»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց, որ գոլային իրավիճակը դեռ գոլ չի, խաղի ընթացքում լինում են տասնյակ գոլային հնարավորություններ, և եթե չես իրացնում քո հնարավորությունները, կարող են նույնիսկ պարտության հասնել. «Մենք ոգևորված լինելով նրանով, ինչին այսօր հասել ենք, այդ թվում մեր մտածողության և դիտանկյունների փոփոխության արդյունքում, մենք հասկանում ենք նաև, որ որ գոլային իրավիճակները պետք է կարողանանք ստեղծել, ապա նաև իրացնել, որովհետև «համարյա գոլ» չկա։

Մենք գոլային իրավիճակը ստեղծել ենք, այդ թվում մեր տնտեսության համար, մեզ հարկավոր է կարողանալ այդ իրավիճակը շարունակական անընդհատ օգտագործել։ Ակնհայտ է, որ կառավարությունը առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների և ընդհանրապես առանց տնտեսության իրական հատվածի դա չի կարող անել»,–ասաց նա։

Հաջորդիվ քննարկվել են տնտեսության զարգացման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին, ներդրվող գործիքակազմերին, ներդրումային դաշտի շարունակական բարելավմանը, առկա հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930