Հունգարիան կգործի իր երկրի շահերից ելնելով և պնդում է պահպանել միջազգային պայմանագրերը, հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը խորհրդարանում ունեցած ելույթում:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան, 2014 թվականին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով, պարտավորվել է ապահովել ԵՄ երկրներ էներգակիրների տարանցումը: Նա ընդգծել է, որ Ուկրաինան պարտավոր է երաշխավորել նավթի մատակարարումը Հունգարիա և «չօգտագործել այն որպես քաղաքական զենք»: Օրբանը Կիևի գործողությունները «համաձայնագրի ակնհայտ խախտում» է անվանել:
Վարչապետը ԵՄ-ին մեղադրել է «Ուկրաինայի կողմը բռնելու մեջ՝ հիշեցնելով, որ ըստ պայմանագրի՝ ԵՄ-ն պարտավոր է պաշտպանել իր անդամների շահերը, եթե նրանք վնասվեն երրորդ կողմի գործողություններից: Օրբանը հայտարարել է, որ Հունգարիայի շահերն անտեսելը «պայմանագրային պարտավորությունների լուրջ խախտում է»:
Ուկրաինայի գործողություններին ի պատասխան՝ Հունգարիան մի շարք միջոցներ է ձեռնարկել:
Մասնավորապես, Հունգարիան, Սլովակիայի հետ միասին, դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա: Երկիրը վետո է դրել Ուկրաինային ավելի վաղ հաստատված 90 միլիարդ եվրոյի վճարումների վրա: Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, մինչև Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցումը չվերականգնվի։
Օրբանն ընդգծել է, որ մինչև Ուկրաինան չկատարի ԵՄ-ի հետ համաձայնագրով նախատեսված նավթի տարանցման իր պարտավորությունները, Հունգարիան կարգելափակի Ուկրաինային աջակցող Բրյուսելի ցանկացած որոշում։
Վարչապետը նշել է, որ Եվրամիությունը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել Ուկրաինային և աջակցել Ռուսաստանի դեմ պատերազմին, չնայած աճող ֆինանսական և ռազմական ռիսկերին։ «Բրյուսելը բացահայտորեն աջակցում է պատերազմի շարունակությանը՝ փոխարենն ապահովի, որ Ուկրաինան կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»։






































