Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է տարվա առաջին կեսին պաշտոնական այց կատարել Չինաստան, և Ռուսաստանի նախագահը համաձայնել է։ Հրավերի մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը։
Նա պարզաբանել է, որ Պուտինը պատրաստ կլինի մասնակցել նոյեմբերին Չինաստանում անցկացվելիք Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդ (APEC) գագաթնաժողովին։
Ըստ Ուշակովի՝ Պուտինի և Սի Ծինպինի միջև բանակցությունները տևել են 1 ժամ 25 րոպե և բովանդակալից են եղել։ Նրանք քննարկել են Իրանի, Վենեսուելայի և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանի և Չինաստանի նախագահները քննարկել են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները. Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումները մեծ մասամբ համընկնում են: Երկու երկրների միջև գործընկերությունը գտնվում է աննախադեպ մակարդակի վրա և ուղղված չէ որևէ մեկի դեմ: Ռուսաստանը և Չինաստանը գործում են «մեջք-մեջքի տված» և կարող են ապավինել միմյանց: Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին։
Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները միջազգային հարցերի մեծ մասի վերաբերյալ գրեթե կամ լիովին համընկնում են: Նրանք համաձայնել են, որ աշխարհի մի շարք տարածաշրջաններում պայթյունավտանգ իրավիճակներ են ստեղծվել»,- նշել է Ուշակովը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։






































