«TRIPP» նախագծի շրջանակներում մաքսային և սահմանային ոլորտներում Հայաստանի ինքնիշխան գործառույթները քննարկման ենթակա չեն։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն 140 միլիոն դոլար է տրամադրել աշխատանքների իրականացման նախապատրաստման համար։ Նրա խոսքով՝ հետագա աշխատանքը կապված է նախագծման հետ, սակայն ակնհայտ է, որ ներդրումները մեծ են լինելու։ «Այսօր որևէ մեկը Ձեզ թիվ չի կարող ասել․․․, թե ինչքան է պետք է ներդնել», — նշել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ որոշումը կկայացնի ոչ թե ընդունարանը (ֆրոնտ օֆիս), այլ Հայաստանի պետական մարմինները (բեք օֆիս):
«Մենք հասանելիություն կստանանք այնպիսի տեխնոլոգիաների, որոնց Հայաստանը նախկինում հասանելիություն չի ունեցել և ես հույս ունեմ, որ դրանք կկիրառվեն TRIPP նախագծի շրջանակներում», — հավելել է Նիկոլ Փաշինյանը։






































