Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ 2025-ի ավարտին մարզպետի աշխատակազմի ենթակայության այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեցել են տնտեսված գումար, աշխատակիցներին հատկացրել են պարգևավճար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ տեղեկացնելով, որ 443 մլն 807 հազար դրամ գումարը բաշխվել է 4620 աշխատակցի։ Պարգևավճար ստացել է 3085 մանկավարժ, 1535 վարչական և սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի և սպորտի բնագավառի աշխատակից։
Անդրադառնալով պարգևավճարների տրամադրմանը, Դավիթ Առուշանյանը նշեց, որ պարգևավճար ստացել են բոլոր: «Պարգևավճար տրամադրվել է բոլորին՝ տնօրենից մինչև պահակ և հավաքարար՝ տարբեր տոկոսային հարաբերությամբ, բայց դրանք այն ՊՈԱԿ-ներն են, որոնք ունեցել են խնայողություն, իսկ այդ տնտեսումները եղել են տնօրենների և վարչական աշխատողների լավ աշխատանքի արդյունքում: Միջինացված հաշվարկով ստացվում է մոտ հարյուր հազար դրամի չափով»,-նշեց Դավիթ Առուշանյանը:






































