Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդան, հայաստանյան մեդիայից է տեղեկացել, որ 4 գերիները սահմանը հատել են և մտել Հայաստան։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը, ով ևս «Զվարթնոցում» դիմավորել է նրան։
«Նա մենակ է եկել Բեյրութից, անհամբեր էր ամուսնուն տեսնելու համար, մանավանդ, որ երեկ ամբողջ օրը Վիգենը կապի չէր դուրս եկել, որևէ տեղեկություն չուներ։ Նախկին փորձառությունն էլ կա, որ երկու տարի առաջ Վիգենի անունը հայտարարվեց, որ ազատ է արձակվել, հետո իր անունը փոխարինվեց։ Այդ մտահոգություններով է եղել ամբողջ գիշերը։
Արդեն այսօր առավոտյկան, որ Լինդան օդանավի մեջ էր, ես տեղեկացա, որ զինվորական հոսպիտալում է Վիգենը։
Մեր նպատակն էր անմիջապես գնալ հոսպիտալ, որ տեղի ամուսնուն, ափսոս, որ 10 րոպեով ուշ հասանք այնտեղ, արդեն տեղափոխել էին Քննչական կոմիտե, երևի հարցաքննության համար»,–ասաց նա։
Անդրադառնալով, որ օդանավակայանում Վիգենի կնոջը դիմավորելու էր եկել նաև ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Զարթոնք»–ի խմբագիրն ասաց. «Ես անձերի չեմ ուզում հասցեագրել, պետք է շնորհակալ լինել, որ այս հարցով զբաղվող գա։ Ես չգիտեմ՝ այս պահով Սարգսյանները որքանով են իշխանական, սակայն բոլորին է ուղղված իմ կոչ, որ սա PR-ի պահ չէ, որովհետև այստեղ մարդկային թեմա կա, մարդկային օրակարգ կա, հինգ տարի է գերեվարված երիտասարդ կա, ոչ մի լուրջ պատճառի կամ հանցանքի համար։ Կինը եկել է Լիբանանից իրեն տեսնելու, 5 տարի չէր տեսել և շատ մտահոգություններ ուներ։ Հետևաբար, սա մարդկային կեցվածքի պահ է։ Իմ առաջարկն է բոլորին, որ այս պահին PR-ով չզբաղվեն, այլ տեսնեն ինչպես կարելի է օգտակար լինել այս ընտանիքին, որպեսզի ի վերջո Վիգենը միանա իր ընտանիքին։ Իրենց ծրագիրը Լիբանան մեկնելն է»։
Սևկ Հակոբյանը տեղեկացրեց, որ այս պահին Վիգենի զավակները Լիբանանում են։ Իր տղան պսակադրվելու ծրագիր ունի, սպասում էր հորը, բարեբախտաբար, երկար չսպասեց»։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հետևյալը. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։
Նշենք, որ Գևորգ Սուջյանը ընկերոջ՝ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Սուջյանը Արցախ էր գնում որպես բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։
Լիբանանահայ Վիգել Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս–Բերդաձոր ճանապարհին՝ հրադադարի հաջորդ օրը։
Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։







































