TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի ՀՀ-ում, երթուղիները որոշենք, այսօրվանից պետք է պատրաստվենք. Փաշինյան

Մենք՝ որպես պետություն, չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ: Մենք նոր՝ քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է: Մեր լեզվամտածողության մեջ հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության ընդլայնված ներկայությունը: Շատ փոքր և դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր ենթագիտակցություն, և սա նորմալ է, քանի որ 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել՝ ձեզ հայտնի պատճառներով: TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, երթուղիները որոշենք, կառուցապատման իրավունքները, հողի օգտագործումը, շինարարությունների թույլտվությունները: Այսօրվանից պետք է պատրաստվենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներով իրականացնենք: Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարության անունից տարածվեց TRIPP իրագործման շրջանակի համատեղ հայտարարությունը: Կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո՝ սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը շրջանակային մակարդակում լուծվում է, ու որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը»,- նշել է նա:

Անդրադառնալով հայտարարությանը՝ Փաշինյանը հավելեց, որ դրա նշանակությունը տարածաշրջանում խաղաղութան հաստատումն է.
«Ուզում եմ արձանագրենք, թե ինչ է նշանակում հայտարարությունը: Դրա իմաստն ու նշանակությունն այն է, որ խաղաղությունը կոնկրետ ու գործնական քայլերով հաստատվում է ՀՀ-ում և մեր տարածաշրջանում, այն այլևս գործնական իրողություն է: Այդ իրողության մասին իմ պատկերացումը նույնն է՝ պետք է խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը: Մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք, դրանք պետք է դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունվեն, իրավական որոշումների վրա պետք է սկսենք աշխատել»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031