«Օդի տուրքի» հավաքագրվող տարեկան ծավալը կազմում է մոտ 15-16 միլիարդ դրամ։ Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Օդի տուրքը» Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 17 տարի և սահմանված է 10,000 դրամ հաստատագրված դրույքաչափով, որը ներառվում է ավիատոմսերի արժեքի մեջ։ 2009 թվականի մարտից սկսած՝ Հայաստանից մեկնող բոլոր անձինք ավիատոմս գնելիս վճարում են այս տուրքը, սակայն օրենքը որոշակի բացառություններ է սահմանում։ Մասնավորապես, տուրքից ազատված են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, հաշմանդամները, վետերաններն ու նրանց այրիները, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոսներն ու Խորհրդային Միության հերոսները։ Ոլորտի զարգացման նպատակով տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ 2014 թվականից, ցածրարժեք ավիաընկերություններին ներգրավելու համար, տուրքը չեղարկվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանից իրականացվող թռիչքների համար։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններով հարկային արտոնություններ են սահմանվել այն ավիաընկերությունների համար, որոնք նոր ուղղություններ են վացում։ Այդ արտոնությունները գործում են երեք տարի ժամկետով՝ ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Այժմ կառավարությունն առաջարկում է թույլատրել այն ավիաընկերություններին, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել օգտվել արտոնություններից, փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում դիմում ներկայացնել և ստանալ վերոնշյալ հնարավորությունը։
«Պետք է վերլուծել, թե որքան գումար է հավաքագրվել «օդի տուրքի» միջոցով և ընդհանրապես ինչպես են այդ միջոցներն օգտագործվել երկրում ավիացիայի ոլորտի զարգացման համար։ Դրանից հետո մենք, Էկոնոմիկայի նախարարության հետ միասին, պետք է որոշակի հաշվարկ իրականացնենք։ Հնարավոր է՝ ավելի նպատակահարմար լինի հրաժարվել «օդի տուրքից» և այդ գումարները փոխհատուցել զբոսաշրջային հոսքերի աճով, ինչը ձեռնտու կլինի էժան ավիատոմսերի առումով», — դիմելով Սիմոնյանին՝ ասել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Վերջինս, իր հերթին, հայտարարել է, որ ավիացիայի զարգացման համար այդ միջոցների օգտագործման արդյունավետության վերլուծությունը կներկայացվի մի փոքր ավելի ուշ։
Որոշակի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։






































