Հակակոռուպցիոն կոմիտեում դեկտեմբերին մինչև 3,5 մլն դրամի աշխատավարձ և պարգևավճար են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատողները՝ ներառյալ Կոմիտեի նախագահը և տեղակալները, տարեվերջյան արդյունքների ամփոփման շրջանակներում, 2025 թվականի դեկտեմբերին պարգևատրվել են իրենց մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ չհստակեցնելով, թե որքա՞ն գումար է հատկացվել աշխատակիցների դրամական խրախուսման համար:

Ուսումնասիրելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչպես նաև հաշվի առնելով, որ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար օրենքով սահմանված է նաև 100 տոկոսի չափով հավելում, պարզեցինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները դեկտեբերին ստացել են շուրջ 3,5 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետերն ու քննիչները ավելի քան 1,7 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության կարևորագույն սկբունքները, Հակակոռուպցիոն կոմիտեին հորդորում ենք հաշվարկներում առկա հնարավոր անճշտությունների դեպքում, հրապարակել դեկտեմբերին Կոմիտեի ծառայողների ստացած աշխատավարձերի, հավելավճարների և պարգևավճարների վերաբերյալ լրիվ և ամբողջական տեղեկատվություն:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031